Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-11 13:40
Քաղաքական

Ալեքսանդր Արզումանյանն ընդդիմադիրներին կոչ արեց որակումներ չտալ

Ալեքսանդր Արզումանյանն ընդդիմադիրներին կոչ արեց որակումներ չտալ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ վարման կարգով հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եւ կարծիք հայտնեց, որ բարձրաստիճան պաշտոնյաները քաղցած մարդիկ չեն, մինչդեռ մեր երկրում մեկ միլիոնից ավելի մարդ քաղցած վիճակում է: «Բոլորին կոչ եմ անում դեմ քվեարկել, որովհետև այս օրինագծին կողմ քվեարկելը անբարոյականություն է»,- հայտարարեց նա:

 

Պատգամավորի ասածը մեծ աղմուկ բարձրացրեց նիստերի դահլիճում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Փոստանջյանն իրավունք չունի վիրավորել իր գործընկերներին: «Մի քիչ Ձեզ կոռեկտ պահեք ու մարդկանց մի վիրավորեք»,- կոչ արեց նա:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ դեմ են քվեարկելու այս օրինագծին, որովհետև երկրի բնակչության մեծ մասը սոցիալապես վատ վիճակում է:

 

Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզունամյանը հորդորեց որակումներ չտալ, կա օրենքի տարընթերցում, բայց խոսքը 164 հազար մարդու աշխատավարձերի հաշվարկման մասին է, եւ այս պահին ինքը ձեռնպահ կքվեարկի:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ տարիներ շարունակ ասել են, որ պետք է անցնել աշխատավարձերի հաշվարկման միասնական համակարգին: «Հիմա արվում է առաջին քայլը, գուցե կան թերություններ, բայց հասարակության մեջ պետք չէ սխալ տպավորություններ ստեղծել: Կողմ ենք քվեարկելու այս օրինագծին, որովհետև սրանով ոչ միայն պաշտոնատար անձանց, այլեւ պետական ծառայողների աշխատավարձերի հարցն է կարգավորվում»,- ասաց նա:

 

Խաչատուր Քոքոբելյանն էլ նշեց, որ այս օրենքի մասով գործ ունենք այնպիսի խավերի հետ, ինչպիսիք են բժիշկները, ուսուցիչները: «Հեռուստատեսությամբ և մամուլով փորձ են անում ներկայացնել, թե իբր պատգամավորները, այստեղ նստած, մտածում են` ինչպես անեն, որ իրենց աշխատավարձերը բարձրանա»,- նշեց նա:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք կողմ են, որ քաղաքացիական ծառայողների աշխատավարձը բարձրանա, իսկ ինչ վերաբերում է բարձրաստիճան անձանց, այս պահին անընդունելի է, ուստի քվեարկելու են դեմ` հարգելով մնացածի ընտրության և քվեարկության իրավունքը:

 

Ըստ Հրանտ Բագրատյանի` իշխանությունն իրավունք չունի իր աշխատավարձը բարձրացնելու, նա իրավունք ունի բարձրացնելու հաջորդ իշխանության աշխատավարձը. սա կատակ չէ:

 

Այդուհանդերձ, օրենքի նախագիծը ձայների` 69 կողմ, 36 դեմ, 6 ձեռնպահ  հարաբերակցությամբ ընդունվեց: