Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մարզպետի հետ զրուցել ենք Տավուշի գյուղերում ենթադրյալ սահմանազատումների, Սյունիքում ադրբեջանցիների առկայության եւ GPS-ով սահմանազատումների, Հայաստանի անվտանգության, նրա քաղաքական թիմի որոշումների, դրանցից բխող հետեւանքների համար պատասխանատվության եւ այլ հարցերի շուրջ:
-Անդրադառնալով Տավուշի մարզի ենթադրյալ սահմանազատումների շուրջ լուրերին՝ նշել էիք, որ հանցագործ, կեղծ եւ անբարոյական են մարդիկ, որոնք այդպիսի շահարկումներ են արել, անվտանգության հարցն են շահարկել: Դուք համարում եք, որ հիմա Հայաստանի սահմաններն անվտա՞նգ են՝ հաշվի առնելով Սյունիքի մարզում GPS-ով իրականացվող սահմանազատումները:
-Մենք, ըստ էության, անկախություն ձեռք բերելուց հետո անընդհատ եղել ենք պատերազմական իրավիճակում: Մեր ամենածանր հարվածը եղել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, եւ այս պարտությունը մեծագույն հարված էր, որից ոտքի կանգնել է պետք, դրան չհամաձայնել, այդ պարտությանը չհարմարվել է պետք, եւ, այո, պատերազմը շարունակվում է: Պատերազմը պիտի շարունակվի այնքան ժամանակ, երբ կունենանք այնպիսի հաղթանակ, որը լիարժեքորեն մեր ազգային շահերին համապատասխան կլինի:
- Դուք չպատասխանեցիք՝ Հայաստանի սահմանները վտանգված չե՞ք համարում՝ հաշվի առնելով Սյունիքի մարզում GPS-ով սահմանազատումները:
-Ես պատասխանատու եմ միայն Տավուշի մարզի համար, ճիշտ կլինի, որ այս հարցն ուղղեք Սյունիքի մարզպետին կամ համապատասխան իրավասու մարմիններին: Դուք որակումներ եք տալիս՝ GPS-ով են արվում եւ այլն, եւ այլն։ Քանի որ ես խորամուխ չեմ եղել այս հարցի մեջ, սովոր չեմ ենթադրաբար կամ լուրերի հիման վրա մեկնաբանություն տալ:
- Դուք նաեւ համարում եք, որ սի՞ն են այն լուրերը, թե Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում սահմանազատման հետեւանքով 12 տուն մնացել է ադրբեջանական կողմում:
-Ես ընդամենը ասել եմ՝ այս թեմաների մեջ խորամուխ չեմ եղել, թույլ տվեք Ձեզ չպատասխանել: Ես սովոր եմ հստակ պատասխանել, պրոֆեսիոնալ:
-Ադրբեջանցիների ներկայությունը Սյունիքի մարզում Ձեզ համար մտահոգի՞չ է:
-Անշուշտ, մտահոգիչ է՝ տեղեկատվական տեսանկյունից, բայց, ցավոք, գուցե եւ սխալ եմ արել, որ բավարար խորամուխ չեմ եղել այս թեմայի մեջ, որպեսզի կարողանամ Ձեզ լիարժեք պատասխան տալ: Խնդրում եմ՝ այս հարցերը տվեք այլ պատկան մարմինների: Եթե բոլորս խոսենք ամեն ինչի մասին, պատկերացրեք՝ ինչ կստացվի:
-Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին չպե՞տք է մտահոգվի իր երկրի սահմաններով:
-Պիտի մտահոգվի, նաեւ Ձեր միջոցով այդ հարցադրումները ներկայացնի նրանց, ովքեր կարող են ամբողջական պատասխան տալ:
-Ասում էիք՝ եկել եք պաշտոնի երկիրը սիրելու արդյունքում, ոչ թե՝ քաղաքական հայացքների: Դուք պատասխանատվություն չե՞ք կրում Ձեր քաղաքական թիմի որոշումների համար:
-Ես կրում եմ պատասխանատվություն՝ իմ գործունեության, իմ արարքների, վարքագծի ու դրան համապատասխան հետեւանքների առումով:
-Իսկ վարչապետի որոշումների համա՞ր․․․
-Վարչապետն այդ հարցին պատասխանել է:
-Ձեզ համար հայրենիքի սահմանները որտեղի՞ց են սկսվում, պարո՛ն մարզպետ:
-Ինձ համար հայրենիքը նույնիսկ միայն Արեւելյան Հայաստանը չէ: Հայրենիք են նաեւ այն տարածքները, որտեղ ծնվել եւ մեծացել են մեր նախնիները:
- Դուք խուսափում եք պատասխանել Սյունիքի մարզին վերաբերող հարցերին, նույնիսկ խուսափում եք տեսակետ հայտնել, բայց նշում եք, որ հայրենիքը սիրելու արդյունքում եք եկել իշխանության: Հետեւաբար՝ Սյունիքը Ձեզ համար հայրենի՞ք է, թե՞ ոչ:
-Այո, իհարկե, ոչ միայն Սյունիքը, այլև Հայաստանի յուրաքանչյուր հատված ամենակարեւոր մասն է իմ հայրենիքի՝ անկախ նրանից՝ ծնվել եմ այդ հատվածում, թե՝ ոչ: Տվյալ դեպքում ինձ վստահված է իմ մարզի ղեկավարումը, այստեղ ես ծնվել եմ, մեծացել, ապրում եմ, նպատակ չունեմ գնալ երկրից եւ դրսից սիրել իմ հայրենիքը, ես նպատակ ունեմ այստեղ ապրելու եւ այստեղից սիրելու իմ հայրենիքը եւ մեծ հաճույքով պաշտոնեական պատասխանատվություն կկրեմ իմ հայրենիքի ցանկացած այն կարեւորագույն մասի համար, որն այդ պահին իմ կարիքը կունենա: Տվյալ դեպքում, կարծում եմ, իմ գործունեությամբ, ինձ վրա դրված պարտականությամբ, իմ ամենօրյա աշխատանքով ամրապնդում եմ ոչ միայն Տավուշի, այլեւ ամբողջ Հայաստանի անվտանգությունը: Սահմանը սահման է՝ անկախ նրանից՝ գտնվում է Տավուշի մարզում, Սյունիքում, թե՝ Արցախում: Տավուշը ռազմավարական մարզ է, ունի սահման Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, մենք կարեւորագույն խնդիր ենք լուծում մեր երկրի անվտանգության համար, լուծել ենք եւ պիտի լուծենք, եւ թույլ չենք տա, որ ստատուս քվոն խախտվի:
Հ.Գ. Տավուշի մարզի բնակիչների անվտանգության մասին հարցը մնաց կիսատ, մարզպետը հեռացավ՝ դուռը շրխկացնելով իր հետեւից:
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան