Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այն, ինչ ես ասել եմ, առաջին անգամ չի ասվել եւ բոլորովին նորություն չէ, այդ ասվածն ամենեւին չի փոխում թե' իմ, թե' «Ժառանգության» գնահատականները մարտի 1-ին տեղի ունեցածի կապակցությամբ»,- անդրադառնալով սոցցանցերում տեղ գտած մեկնաբանություններին` այսօր լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով` այդ գնահատականը չի եղել մեղադրանք, եւ որ մարտի 1-ի իրավական, քրեական պատասխանատվության հարցն առաջնային է, ինչը, սակայն, ամենեւին չի նշանակում քաղաքական պատասխանատվության հարցի շրջանցում:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի` նախօրեին հնչեցրած գնահատականներին, ապա Ս. Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության պաշտոնական գնահատականները տրվում են կուսակցության նախագահի, ասել է թե` Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից:
«Տվյալ դեպքում բառերի եւ որակումների ընտրությունը Ռուբեն Հակոբյանինն է, սակայն չեմ կարծում, որ նրա գնահատականները «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի միջեւ վերջին շրջանում ստեղծված իրավիճակում մեծ բան են փոխում»,- նկատեց նա:
Սաֆարյանը նաեւ նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում, շատ վատ է. «Կարծում եմ, որ երկու կողմերս էլ պիտի, այնուամենայնիվ, կանգ առնենք, քանզի ընդդիմության ներսում ընդդիմադիր երկու ուժերի միջեւ կարող են նման վիճակներ ստեղծվել, բայց երբ այդ վիճակները երկար են տեւում, դա արդեն նորմալ չէ»:
«Ժառանգության» անդամն անդրադարձավ նաեւ ՀԱԿ առաջնորդի` ապրիլի 8-ի ելույթին, որում, ըստ նրա, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանատվություն ստանձնեց ՀԱԿ-ից դուրս մնացած ուժերի դեմ իրականացվող արշավի համար:
Ստեփան Սաֆարյանի խոսքով` ապրիլի 8-ի ելույթն ավելի համոզիչ բացատրություն էր, թե ինչու մարտի 17-ին Տեր-Պետրոսյանը չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին, քան մարտի 17-ին հաջորդած` Հովհաննես Մանդակունու տեքստից նրա վկայաբերումները: «Լեուն Տեր-Պետրոսյանը ապրիլի 8-ին ուղղակի վերահաստատեց այն դիրքորոշումը, որ ՀԱԿ-ից դուրս գտնվող բոլոր մյուս ուժերը խանգարում են ՀԱԿ-ին իրականացնել իր առջեւ դրված նպատակները: Շատ զարմանալի է, որ ընդդիմադիր քաղաքական մի ուժ մյուս ուժերին կարող է ասել` դուք մի գործեք, որովհետեւ ինձ խանգարում եք: Այդ նույն տրամաբանությամբ ՀՀ իշխանությունները կարող են ասել, որ ՀՀ ընդդիմությունը խանգարում է իրեն երկրում լավ գործեր անել»,- նկատեց Սաֆարյանը:
Պատգամավորը նշեց, որ քաղաքական դաշտում ՀԱԿ-ը փորձում է խաղի նոր կանոններ մտցնել, որոնք, սակայն, «Ժառանգության» համար ընդունելի չեն:
Ս. Սաֆարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե «Ժառանգությունը» քաղաքական դաշտում չափազանց բարենպաստ դիրք է զբաղեցրել, ապա ՀԱԿ-ի դիրքը չափազանց վտանգավոր է, որովհետեւ «ՀԱԿ-ի հետ սպասումները կարճաժամկետ են եւ կապված են իշխանության արագ փոփոխության հետ»:
«Այս պահին ՀԱԿ-ի համար շահեկան է ունենալ արտահերթ ընտրություններ, որովհետեւ եթե հասնի հերթական ընտրություններին, ապա լուրջ փոփոխություններ կկրի էլեկտորալ առումով»,- ամփոփեց պատգամավորը: