Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպեսզի Մաքսային միությունը հետագայում դառնա քաղաքական կառույց, դրա անդամները պետք է բավականին մեծ ջանք թափեն ու աշխատանքներ տանեն: Բայց առաջին հերթին կարեւոր է հասկանալ` կողմերը պետք է զգան դրա անհրաժեշտությունը. այսօր ասաց ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան, «Կասպյան համագործակցության ինստիտուտի» տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն:
Նրա կարծիքով` այդպիսի հարցերին հնարավոր կլինի մոտենալ, երբ բնականորեն հարց առաջանա` Մաքսային միության` միասնական տնտեսական տարածքի կարգավիճակը բարձրացնել, ստեղծել այնպիսի կազմավորումներ, որոնք կունենան վերազգային բնույթ, ինչպես, օրինակ, Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ է, որտեղ կա այդպիսի վերազգային կազմավորում, որն աշխատում է եւ չի խանգարում երկու անկախ պետություններին գոյատեւել ու վարել անկախ քաղաքականություն: Այդպիսի վերազգային կազմավորումներ, նշեց Կովալենկոն, կամաց-կամաց կձեւավորվեն:
Նրա դիտարկմամբ` Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին մեր երկրի համար կարող է զարգանալ եւս երկու ուղղությամբ` Հայաստանի բավական լավ ինտելեկտուալ ռեսուրսի եւ Եվրամիության երկրների հետ ունեցած լավ հարաբերությունների առումով:
«Առաջինը եվրասիական տնտեսական ուղղության եւ եվրոպական ինտեգրացիոն ուղղությունների մերձեցումն է: Ես կարծում եմ, որ Հայաստանն այդ հարցում կարող է շատ կարեւոր դեր խաղալ: Ընդհանրապես' Հայաստանը, անդամակցելով Մաքսային միությանը, իմ կարծիքով, բարձրանում է քաղաքական նոր մակարդակի` Հայաստանը հայտարարում է իրեն որպես երկիր, որն ինքնուրույն որոշումներ է կայացնում եւ ճիշտ որոշումներ է կայացնում` իր ազգային շահերի մասին է հոգում»,- ասաց Վյաչեսլավ Կովալենկոն:
Նրա կարծիքով` Հայաստանի տեսակետը` նրա ինտելեկտուալ պոտենցիալով, անպայմանորեն հաշվի կառնվի: Ըստ Վ. Կովալենկոյի` Հայաստանն ունի հատուկ միջազգային առաքելություն` մերձեցնել երկու ինտեգրացիոն գործընթացները` եվրոպական ու եվրասիական:
Հայաստանում ՌԴ նախկին դեսպանի երկրորդ դիտարկմամբ' «Հայաստանը կարող է խաղալ շատ կարեւոր դեր Հարավային Կովկասում ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու առումով, ներառյալ` Հայաստանը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Ռուսաստանը»:
Իսկ Պոդոլսկի եւ Բիրյուլեւոի դեպքերի կապակցությամբ երեւակված քսենոֆոբիայի մասին Վյաչեսլավ Կովալենկոն ասաց, որ դրանք հետագայում չեն զարգանա. կլինեն առանձին առկայծումներ, ոչ ադեկվատ մարդկանց առանձին գործողություններ, եւ պետք չէ դրանից խոր քաղաքական ենթադրություններ անել: