կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 12:58
Մշակույթ

Արտագաղթը` ճակատագի՞ր, ազգային բնավորությո՞ւն, թե՞…

Արտագաղթը` ճակատագի՞ր, ազգային բնավորությո՞ւն, թե՞…

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Հարություն Խաչատյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի հանրային ցուցադրությունը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ ֆիլմն արտագաղթի թեման է արծարծում, եւ սա ընդամենը մեկն է իր` այս թեմայով նկարահանվող ֆիլմերից:

 

«Ֆիլմը ցանկանում եմ հեռուստատեսային սարքել, որպեսզի հերոսներն էկրանից պատմեն իրենց ցավը, հիասթափությունը, դժգոհությունը Հայաստանից եւ մեզանից, պատմեն, թե ինչո՞ւ են մեկնել եւ չեն վերադառնում: Արդյոք դա ճակատագի՞ր է, ազգային բնավորությո՞ւն, ժամանակի խնդի՞ր, թե՞ բոլորը միասին»,- ասաց ռեժիսորը` հավելելով, որ ֆիլմը հատուկ ինչ-որ փառատոնի մասնակցելու համար չէ ստեղծված, այլ` Հայաստանում ցուցադրելու:

 

Կինոգետ Զավեն Բոյաջյանը համարում է, որ ով ծանոթ է Հարություն Խաչատրյանի կինեմատոգրաֆիական մտածողությանը եւ ոճաբանությանը, ապա կփաստի, որ նրա ֆիլմերը չեն տեղավորվում որեւէ ժանրային սահմանման մեջ: Ըստ նրա` Խաչատրյանը սահմանի կինոռեժիսոր է, եւ պատահական չէ, որ նրա ֆիլմերից մեկը «Սահման» է կոչվում, այսինքն` Խաչատրյանն աշխատում է ժանրային սահմանագծին:

 

«Հարցը` ֆիլմը խաղարկայի՞ն է, թե՞ վավերագրական, լուսանցք է մղվում, քանի որ Խաչատրյանի առանձնահատկություններից մեկը ժանրային այս սահմանագծում ստեղծագործելու կարողությունն է: Այս ֆիլմը եւս նրա հիմնած ավանդույթի շրջանակում էր, եւ նույնիսկ մասնագետի համար դժվար է խաղարկայինը վավերագրականից զատել եւ ասել` գլխավոր հերոսը երբ է խաղում տեսախցիկի առջեւ եւ երբ` ուղղակի զրուցում»,- ասաց Բոյաջյանը:

 

Կինոգետի կարծիքով` ֆիլմում ներդաշնակորեն մեկ մարդկային ճակատագիրը հյուսվել էր շատ ցավոտ մի թեմայի` արտագաղթին: Սակայն ֆիլմում դրամատիկ տեսարանների հետ մեկտեղ հումորով ներկայացված դրվագներ էլ կան, ինչի շնորհիվ էլ այն ծանր նստվածք չի թողնում հանդիսատեսի վրա: «Հարություն Խաչատրյանի ֆիլմերն այն ֆիլմերից են, որոնց համար միջազգային ասպարեզում ամաչելու բան չունենք»,- ասաց Բոյաջյանը:

 

Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանն էլ նշեց, որ ֆիլմը հետաքրքիր էր եւ լուրջ ասելիք ուներ: «Այն վավերագրականի եւ գեղարվեստականի միասնություն էր: Կարծում եմ` հետաքրքիր հերոս էր ,եւ սրան գումարած` արդիական հնչեղություն ուներ ֆիլմի թեման` արտագաղթը եւ ներգաղթը: Լուրջ աշխատանք է տարվել ֆիլմի վրա»,- ասաց նա: