կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 10:18
Հասարակություն

Արտագաղթը գյուղերում խորանում է. ՛՛Ժողովուրդ՛՛

Արտագաղթը գյուղերում խորանում է. ՛՛Ժողովուրդ՛՛

Այս տարի ՀՀ Կոտայքի մարզի Հատիս համայնքից արդեն երրորդ ընտանիքն է լքել երկիրը: «Գյուղում արտագաղթը սկսվել է: Աշխատանք չկա, մարդիկ անասնապահությամբ ընտանիք չեն կարողանում պահել: Դե, կյանքն է ստիպում, չես կարող նրանց հետ պահել, ոչ մի բան չկա գյուղում»,- «Ժողովուրդ»-ին ասել է համայնքի ղեկավար Սամվել Գարսեւանյանը: Համայնքի ղեկավարից թերթը տեղեկացել է, որ գյուղի դպրոցն ունի 45 աշակերտ, իսկ պատճառն այն է, որ գյուղի երիտասարդները չեն ամուսնանում, «էնքան ունենք գյուղում չամուսնացած ջահելներ, իրենք իրենց գլուխը չեն կարողանում պահել, ուր մնաց՝ ընտանիքի: Քսան հոգի 30-ն անց են»:

 

Նույն պատկերն է նաեւ հարևանությամբ գտնվող Զովաշեն համայնքում: Ըստ գյուղապետ Սեդրակ Սաֆարյանի՝ «աղջիկները հարս չեն գալիս» իրենց գյուղ. «Պատճառներից մեկը հեռավորությունն է, մյուսը՝ վատ ճանապարհները եւ, ամենակարեւորը, սոցիալական վատ պայմանները: Տարվա վեց ամիսը ձյան տակ է գյուղը: Ո՞վ կգա»: Սաֆարյանի խոսքով՝ գյուղում այս պահին բնակվում է 196 մարդ: