կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-14 14:38
Առանց Կատեգորիա

ՀՅԴ-ի ճակատագի՞րն է՝ լինել մեղավոր

ՀՅԴ-ի ճակատագի՞րն է՝ լինել մեղավոր

ԲՀԿ-ի անչափ հետաքրքիր հայտարարությունը շոկի մեջ է գցել ԲՀԿ-ին: Ոչ ոք այստեղ չի հասկանում, թե ինչ են արել իրենք ու ինչ հետևանքներ է ունենալու առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց  «որդեգրած» տարօրինակ ձևաչափը, որը ոչ թե ձևաչափ է, այլ տապոռով շինած թշշիկ:

 

Տեսնելով, որ հասարակությունն իրենց արածը ընկալել է որպես դավաճանություն, ԲՀԿ-ում լեզու ունեցող ամեն ինչ լծվել է իր իսկ արարած թշշիկի համար մեղավորներ գտնելու գործին: Էլ թերթ ու կայք չեն թողել, որ չլցնեն զառանցանքով, իբր այս ամենի մեղավորը ՀՅԴ-ն է, որը, այ քեզ բան, իրենց «հավաստի աղբյուրների» փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանին ասել է, որ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը չի պաշտպանելու:

 

Այս վայրահաչությունից ուշագնաց եղած ԲՀԿ-ականների և ոչ ԲՀԿ-ականների համար մեկ անգամ ևս կրկնենք, որ եթե ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին մի բան էլ ասել է, ապա դա այն է, որ չի սատարելու Սերժ Սարգսյանին:

 

ԲՀԿ-ական մասսմեդիան, որ գրեթե տեղեկացված չէ Գագիկ Ծառուկյանի` վերջին օրերի մտահոգություններին ու մտորումներին, դեռևս փորձում է խաղալ ժամանակագրության վրա` պնդելով, որ ՀՅԴ-Սերժ Սարգսյան հանդիպումը նախորդել է Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը, և, հետևաբար, ՀՅԴ-ն է մեղավոր, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը նման հայտարարություն է արել: Ուզում են, երևի, ասել, որ Ծառուկյանի տակը ՀՅԴ-ն է փորել: Իրոք որ` զառանցանք, կամ սեփական ուղեղով և ձեռքերով Գագիկ Ծառուկյանի հզորության միֆի տապալում: Ինչպես կկամենաք, պարոնա'յք, ընտրությունը ձերն է:

 

Այլայլված, սեփական անելիքը չիմացող ուժի հետ կարելի է վարվել ըստ ցանկության: Անհովիվ ոչխարի հոտին կարելի է քշել ուզած ուղղությամբ, նույնիսկ՝ սպանդանոց, եթե հնարավորություն կա մի բան վաստակելու: ՀԱԿ-ն այս օրերին, կարելի է ասել, ճիշտ ժամին ճիշտ տեղում է հայտնվել: ԲՀԿ ընտրազանգվածն ու ԲՀԿ-ի անգլուխ մարմինը, եթե միջոցներ չձեռնարկվեն, ենթակա է, ի թիվս այլոց, նաև Տեր-Պետրոսյանի առաջնորդությանը և նրա կողմից քշվելու: Ո՞ւր: Դա կարող են որոշել քշողները, եթե Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չհայտարարի, թե հատկապես ո՞րն է եղել իր չառաջադրվելու բուն պատճառը և կրկին իր ձեռքը չառնի սեփական «հոտը»:

 

Մասնավորապես` ՀԱԿ-ը, որ իրեն ԲՀԿ-ի հարազատի տեղն է դրել և հավակնում է Ծառուկյանի «ժառանգությանը», արդեն գործի է անցել: Դա սպասելի էր, եթե հաշվի առնենք, որ մոտ 500 հազար մարդ մեկեն մնացել է առանց կումիրի, իսկ որ ավելի սարսափելի է` առանց հույսի, թե մի քանի կոպեկ էր կարողանալու աշխատել այս ընտրություններին: Խոսքն, ի դեպ, միայն հինգ հազարի սպասող մարդկանց մասին չէ, այլ նաև նրանց, որ շտաբներ էին բացելու, քարոզչություն էին կազմակերպելու, մարզային այցելություններ, ուտուշ-խմուշ և այլն: Եվ ահա պետք է, որ ՀԱԿ-ը, ասել է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, անցնի վճռորոշ գործողությունների: Առաջին քարերն արդեն նետված են: ՀԱԿ կազմի մի քանի տաքգլուխ կուսառաջնորդներ, որոնք մինչ այս էլ չէին համակրում Գագիկ Ծառուկյանին, հասցրել են նրան մեղադրել ամենասարսափելի մեղքերի մեջ: Միանգամայն բնական կլիներ, որ նույն այս գործիչները մեղադրեին նաև Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իրենց սխալ ուղղությամբ առաջնորդելու մեջ, բայց, քանի որ տեղի ունեցողը մտածված ու հաշվարկված գործընթաց է, ՀԱԿ հերձվածողները գալիս են այն եզրակացության, որ Ծառուկյանի այդ «տմարդի» արարքից հետո Լևոնն է մնում որպես միակ ընդդիմադիր թեկնածու: ՀԱԿ պատասխանատուները, հայտարարելով, որ ԲՀԿ-ի հետ խորհրդակցությունները շարունակվելու են, փորձում են իրականում մեղմել ֆոնը և ԲՀԿ-ի վրա հարձակման առաջին նախանշանները ներկայացնել իբրև ՀԱԿ անդամ առանձին կուսղեկների անհատական կարծիք:

 

Բայց ինչ էլ անեն Արամ Մանուկյաններն ու Լևոն Զուրաբյանները, միևնույն է, չեն կարող ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանի հայտարարության տակ թաքնված ռումբը քողարկել, որովհետև, ռումբը՝ ռումբ, բայց այն նախատեսված է հատկապես գոտկատեղից ներքևը ցավեցնելու համար: Արման Մուսինյանը ilur.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ որոշումը, որտեղ հստակ ասել է. «Մենք խոստացել էինք լրացուցիչ մեկնաբանություն տալ այս հարցի վերաբերյալ: Ասեմ, որ մենք տեղյակ էինք ԲՀԿ-ի այս որոշման մասին, քանի որ, ելնելով բանակցային էթիկայից, ԲՀԿ-ն մեզ այդ մասին տեղեկացրել էր նախապես»:


Ես մեռա: Բա էլ ի՞նչ ժամանակագրության մասին են բարբաջում ԲՀԿ-ական ու խառնակիչ լրատվամիջոցները:  


Մենք շնորհավորում ենք ԲՀԿ բոլոր սոխակներին և հատկապես` Բարգավաճի վկա լրատվամիջոցներին, որոնք կա'մ տեղյակ չեն եղել իրենց կուսակցության նախագահի որոշմանը, կա'մ ԲՀԿ-ի 500 հազարանոց ընտրազանգվածից հանցավոր կերպով թաքցրել են այդ որոշումը: Եվ դարձյալ նշված տարբերակների ընտրության իրավունքը ԲՀԿ-ական ֆունկցիոներներինն է: Պատասխանեք, խնդրեմ:

 

Եվ վերջում կցանկանայինք երկու բառ ասել վերահսկողությունից ու հովվից զրկված ԲՀԿ-ական մամուլին: Որքան էլ դաժան է քաղաքականությունը, միևնույն է, այն իրականությունից և ճշմարտությունից ավելի դաժան չի կարող լինել: Լրատվամիջոցը, ինչ էլ լինի, պարտավոր է ընտրել կյանքի դաժանությունը, քանզի կյանքի միջով են անցնում մնացած բոլոր տիպի դաժանությունները, այդ թվում` նաև քաղաքական խաբկանքն ու մոլորությունը: Այնպես, որ, արժեր մի փոքր մտածել այս ուղղությամբ և ձեռնպահ մնալ ավելորդ ջղաձգումներից, որոնք ճիշտ նույն տեղն են տանում, ուր ԲՀԿ-ը որոշումը՝ չենք մասնակցելու մամուլի գործին և ոչ մի ճիշտ խոսքի չենք սատարելու:

 

Էդիկ Անդրեասյան