կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-19 15:11
Քաղաքական

Որոշումն արդեն կայացված է. փոխնախարարը` Մաքսային միության մասին

Որոշումն արդեն կայացված է. փոխնախարարը` Մաքսային միության մասին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Մաքսային միությանն անդամակցելու համար 7 աշխատանքային խմբերի ձեւավորմանը, որոնք պետք է տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ու հնարավորություններն ուսումնասիրեն: Կառավարության նիստից հետո էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը մանրամասնեց, թե ինչ խմբեր են ձեւավորվելու:

 

«Առաջին խումբը ընդհանուր իրավական խումբն է, որն ընդհանուր պայմանագրի դրույթն է քննարկելու, թե ինչպես մենք կարող ենք միանալ Մաքսային միությանը, ինչ իրավական ճանապարհներով: Երկրորդ խումբը սակագնային կարգավորման հետ կապված հարցերն է քննարկելու, քանի որ Հայաստանի եւ Մաքսային միության տարիֆները տարբերվում են: Պետք է բացահայտվեն այն ապրանքները, որոնց մասով պետք է գնանք բանակցությունների»,- ասաց փոխնախարարը: Հաջորդ խումբը ոչ տարիֆային կարգավորման հարցերն է քննարկելու, մյուսը' տեխնիկական կարգավորման հետ կապված հարցերը, ենթակառուցվածքների հարցերը, որոնք Հայաստանում եւ Մաքսային միությունում տարբեր են:

 

«Այսօրվա դրությամբ Մաքսային միությունում ընդամենը 32 տեխնիկական կանոնակարգ է գործում, իսկ մեզ մոտ մի քիչ ավելի, չնայած որ նախատեսված է ավելի մեծ ցուցակ, եւ ապագայում կքննարկվեն դրա հետ կապված տեխնիկական հարցերը»,- ասաց Կարինե Մինասյանը: Հաջորդ խումբը, փոխնախարարի խոսքերով, զբաղվելու է հարկային եւ մաքսային հարցերով, քանի որ Մաքսային միությունում կա մաքսային կոդեքս, որն ընդունում են անդամ երկրները: Այդ խումբը պետք է վերլուծություն կատարի եւ Մաքսային միության ու մեր օրենսդրության տարբերությունները բացահայտի:

 

Այդ 7 խմբերը միջգերատեսչական խմբեր են, որոնք գործունեությունը ծախսեր չի ենթադրում, բացի թարգմանական աշխատանքներից: Հարցին, թե հնարավո՞ր է այդ խմբերը քննարկումների ավարտին պարզեն, որ Մաքսային միությանը պետք է չանդամակցել, Կարինե Մինասյանը պատասխանեց. «Որոշումը կայացված է»:

 

Նշենք, որ եւս մեկ աշխատանքային խումբ ձեւավորվել էր նախորդ տարվա դեկտեմբերին' Հայաստանի էկոնոմիկայի եւ ՌԴ էկոնոմիկայի եւ տնտեսական զարգացման նախարարությունների կողմից, որը քննարկում էր Մաքսային միությանն անդամակցելու հնարավորությունները: Եվ ահա դրանք, ըստ փոխնախարար Մինասյանի, եկել են ընդհանուր հայտարարի. «Այդ խմբի աշխատանքի արդյունքը այն որոշումն է, որը կայացվեց սեպտեմբերի 3-ին»:

 

Որքանո՞վ է հավանական Մաքսային միությանն անդամակցելուց հետո խոր տնտեսական հարաբերությունների հաստատումը Եվրոպայի հետ. այս հարցին ի պատասխան` փոխնախարարը նշեց, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հնարավոր է այդ համագործակցությունը, բանակցությունները շարունակվում են, եւ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ պետք է այնպես անենք, որ բանակցությունները միմյանց չհակասեն, այլ լինեն երկկողմանի: