կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-02 11:30
Հասարակություն

''Համազգային''-ի ներկայացուցիչների այցելությունները Նյու Յորքում

''Համազգային''-ի ներկայացուցիչների այցելությունները Նյու Յորքում

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան ԱՄՆ-ի արեւելեան շրջանի Շրջանային վարչութեան անդամներից Տիգրան Կազանջեանը (ատենապէտ), Յասմիկ Աբրահամեանը (քարտուղարուհի) եւ Արեւիկ Գաբրիէլեանը (խորհրդական), ինչպէս նաեւ Նիւ Եորքի մասնաճիւղի փոխատենապետուհի Աստղիկ Սեւակը, Նիւ Ջըրզիի մասնաճիւղի վարչութեան անդամուհիներ Անի Չաղլասեանը (հաշուապահ) ու Ֆլորա Գասպարեանը (քարտուղարուհի) պաշտօնական այցելութիւնների ընթացքում հանդիպեցին ԱՄՆ-ի Արեւելեան թեմի Առաջնորդ Արք. Օշական Չօլոյեանի հետ՝ Առաջնորդարանի գրասենեակում: Ապա այցելեցին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ, դեսպան Պրն. Կարէն Նազարեանին՝ ՀՀ մշտական ներկայացուցչութեան գրասենեակում:

 

Խորապէս գիտակցելով կրթութեան ու ազգային մշակոյթի կարեւոր դերն առահասարակ ու յատկապէս Սփիւռքի վտանգաւոր, ուծացնող միջավայրում,  Շրջանային վարչութեան անդամները անհրաժեշտ են համարում «Համազգայինի» կապերը հայկական հաստատութիւնների հետ:

 

«Համազգայինի» ընթացիկ եւ առաջիկայ ծրագրերին Արք.  Չօլոյեանին ծանօթացնելուց յետոյ,  Շրջանային վարչութեան ներկայացուցիչները մէկ անգամ եւս հաստատեցին միութեան պատրաստակամութիւնը՝ համագործակցելու եւ օժանդակելու մշակութային բնոյթի նախաձեռնութիւններին:

 

Արք. Չօլոյեանի հետ հանդիպման ընթցքում պարզ դարձաւ, որ մի շարք մտահոգութիւններ ընդհանուր են միութեան եւ Եկեղեցու համար: Դրանցից ամենատագնապեցնողը, թերեւս, համայնաքի զգալի հատուածի անպատասխանատու՝ չասելու համար անտարբեր կեցուածքն է հայկական համայնքային կեանքի հանդէպ:

 

Պրն. Կարէն Նազարեանը ջերմ հիւրընկալութեամբ ընդունեց համազգայնականներին, ապա ներկայացրեց մի շարք կարեւոր նոր հրատարակութիւններ ու ծրագրեր: Ինչպէս իր ծառայութեան ողջ ընթցքում, այնպէս էլ այս հանդիպման ժամանակ, Պրն. Նազարեանը դրսեւորեց ԱՄՆ-ի հայ համայնքի հանդէպ իր լուրջ, հոգածու վերաբերմունքը: Այս արդյունաւետ հանդիպումը աւարտուեց առաջիկայ մի քանի ծրագրերը համատեղ ջանքերով իրականացնելու տրամադրութեամբ: