կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-10 16:21
Իրավական

ՌԴ դատախազության պաշտոնական պատասխանը Կոստանյանը չի հրապարակի

ՌԴ դատախազության պաշտոնական պատասխանը Կոստանյանը չի հրապարակի

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է այսքան ձգձգվում ՌԴ դատախազության պատասխանն իր նամակին, ասաց. «Մենք անընդհատ խոսում ենք ժամկետային սահմանափակումների մասին` այսօր չպատասխանեցին, վաղը չպատասխանեցին, 10 օր անցավ` չպատասխանեցին, այնինչ, մեր պետության օրենսդրությամբ, քաղաքացու դիմում-բողոքների պատասխանը 30 օր է, իսկ լրջագույն խնդիրների պարագայում` ոչ ավելի քան մեկ ամիս: Իսկ միջազգային պայմանագրերով որևէ ժամկետ սահմանված չէ: Հետևաբար, ՀՀ-ն չի կարող ներազդել այլ պետության վրա` ինչ-որ գործընթացի հետ կապված»:


Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում ՌԴ դատախազությունը պատասխանեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, թե տարբերություն կա իր ուղարկած նամակի ու Զարուհի Փոստանջյանի ուղարկած նամակի միջև:


«Զարուհի Փոստանջյանի դիմումը ֆիզիկական անձի դիմում է, ու ես չեմ կարող գնահատականի արժանացնել Զարուհի Փոստանջյանի կամ մեկ այլ անձի դիմումի պատասխանը, նկատի ունեմ, որ դուք էլ կարող եք դիմել ՌԴ գլխավոր դատախազություն, բայց նրանցից ուղարկված պատասխանները ես մեկնաբանելու անհրաժեշտություն անգամ չեմ զգում, որովհետև առնվազն իմ հարցերին ես պաշտոնապես պատասխան չունեմ: Անկախ այն բանից, թե ՌԴ իրավապահ մարմիններն ինչ են պատասխանում Զարուհի Փոստանջյանին կամ մեկ այլ ֆիզիկական անձի, որովհետև նրանք տվյալ գործով իրավասու սուբյեկտ չեն»,- ասաց նա:

 

Գլխավոր դատախազը նաև նշեց, որ ծառայողական գրագրության մեջ է ՌԴ իրավապահ մարմինների հետ, և նրանց կողմից պատասխաններն էլ ծառայողական գաղտնիք են, հետևաբար, դրանք հրապարակման ենթակա չեն: