կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-26 18:45
Մշակույթ

Ես չեմ ուզում ապացուցել, որ իմ երեխայի հայրը ես եմ. Ռոբերտ Ամիրխանյան

Ես չեմ ուզում ապացուցել, որ իմ երեխայի հայրը ես եմ. Ռոբերտ Ամիրխանյան

Կոմպոզիտորների միության համագումարում միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ելույթի միջոցով ամփոփեց վերջին տարիներին միության կատարած աշխատանքը:

 

Ըստ նրա` ճիշտ է, նախորդ համագումարին իրենք չընտրեցին վարչություն, քանի որ համագումարը բոյկոտեցին միության որոշ անդամներ, իսկ այն, որ վերջին 4 տարվա ընթացքում իրենք համագումար չեն արել, լավ օրից չէ:

 

«Ինձ մեղադրում են, թե 22 տարվա ընթացքում ոչինչ չի արվել: Մի՞թե այս ընթացքում մենք որեւէ լավ բան չենք արել: Եթե արել ենք եւ վատ է ստացվել, ընդունում եմ: Սակայն այս դեպքում գայիք եւ օգնեիք մեզ, այլ ոչ թե կանգնեիք միությունից շատ հեռու եւ, չվճարելով անդամավճարները, մեղադրեիք ինձ ինչ-որ հարցում»,- ասաց Ամիրխանյանը` հավելելով, որ իրենց արած աշխատանքի լուսավոր կետերը չտեսնելն ուղղակի դիտավորություն է:

 

Այնուհետեւ նա տեղեկացրեց, որ այս ընթացքում միությունն ունեցել է 12 համերգ, որոնց ժամանակ հնչել են շուրջ 45 հեղինակների ստեղծագործություններ, ընդ որում` դրանցից 21-ը եղել են նոր գրված գործեր:

 

Ամիրխանյանը զարմացած է` պնդում են, որ «երիտասարդներին տեղ չի տալիս» այն դեպքում, երբ երիտասարդների գործերը մշտապես հնչել են իրենց աշնանային եւ գարնանային համերգաշարերում:

 

«Ասում են` «Երազ իմ երկիրը» ես չեմ գրել, մինչդեռ ես չեմ ուզում ապացուցել, որ իմ երեխայի հայրը ինքս եմ: Ես ոչինչ չունեմ ապացուցելու, եթե որեւէ մեկը ցանկանում է հակառակն ապացուցել եւ կարող է դա անել, խնդրեմ, ես դեմ չեմ: Հերիք է սեւացնեք իրար, թափեք ձեր սիրտը ինչքան կարող եք, վերջը գալու եք բարության սկզբունքներին»,- ասաց Ամիրխանյանը` հավելելով, որ ինքը պատրաստ է հեռու քաշվել, եթե համոզվի, որ խանգարում է միությանը.«Կյանքը տրված է կյանքին դիմանալու համար: Ես կհեռանամ, եթե զգամ, որ միայն խանգարում եմ: Սակայն դուք պատկերացնո՞ւմ եք` ի՞նչ ասել է միություն պահել, եւ որտեղի՞ց եք այդ գումարները հայթայթելու»:

 

Ելույթից հետո yerkir.am-ի հետ զրույցում Ամիրխանյանը հերքեց կոմպոզիտոր Արամ Սաթյանի այն տեղեկությունը, որ վերջին օրերին Կոմպոզիտորների միության շարքերը համալրվել են. «Սուտ է»: