կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-05 13:28
Մշակույթ

Թող 2014-ը լինի մարդու տարի. Ռոբերտ Ամիրխանյան

Թող 2014-ը լինի մարդու տարի. Ռոբերտ Ամիրխանյան

2013-ը լեցուն էր ստեղծագործական նախաձեռնություններով. տարվա վերջում գրեցի նաեւ գերմանական Լորշ քաղաքի հիմներգը, որը հունվարի 26-ին 1250-ամյակի կապակցությամբ տեղւ ունենալիք տոնահանդեսին կհնչի. այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

 

Նա նշեց նաեւ, որ անցած տարին ոչ մի բանով պակաս չէր նախորդ տարիների ոգեւորություններից՝ անկախ նրանից, թե ինչպիսի փորձությունների միջով է անցել մաեստրոն:

 

«Ի թիվս մեր մյուս բոլոր երջանկությունների` ստեղծագործական բովը միանգամայն ինքնուրույն երեւույթ է եւ բոլորովին կապ չունի արտաքին երեւույթների, տրամադրության կամ եղանակի հետ. այն ստեղծվում է, քանի որ չի կարող չստեղծվել: Տարին լի էր նախաձեռնություններով, եւ սա վերաբերում է ոչ միայն երաժշտության ասպարեզին, այլեւ՝ գրողներին, նկարիչներին: Ուրիշ հարց է, որ մեր կյանքն իր բնույթով կողմնորոշված է մի տեսակ դեպի շուկայական աշխուժության վրա, ինչը մտահոգիչ է, քանի որ իրական ստեղծագործական բովը որեւէ կապ չունի կենցաղային երաժշտության կրքերի հետ»,-ասաց Ամիրխանյանը:

 

Նրա կարծիքով, այո, նոր երգեր շատ են ստեղծվում, բայց դրանցից քանիսը կմնան պատմության մեջ՝ որպես այս օրերի դրոշմը կրող ստեղծագործություն, ժամանակը ցույց կտա.«Երգիչը նա չէ, որ կարողանում է երգել, այլ նա՝ ով չի կարող չերգել»:

 

Ամիրխանյանը մաղթեց, որ 2014-ին ոչ ոք չկորցնի իր մարդկային դեմքը, եւ, մաեստրոյի հավաստմամբ, կարեւոր չէ՝ տարին ձիու է, վիշապի թե մեկ այլ կենդանու, կարեւորը, նրա կարծիքով, տարին լինի մարդու տարի, որպեսզի մարդիկ իրենց երջանիկ զգան: