կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-25 18:33
Առանց Կատեգորիա

Թե ինչպես Հայաստանը ստորագրեց իր կապիտուլյացիան

Թե ինչպես Հայաստանը ստորագրեց իր կապիտուլյացիան

Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ո'չ Հայաստանին, ո'չ էլ Սերժ Սարգսյանին չփրկեցին: Ընդհակառակը` այն տեղեկատվությունը, որ մեզ է հասնում Բելառուսի մայրաքաղաքից, ցույց է տալիս, որ այնտեղ կայացել է Հայաստանի վերջնական կապիտուլյացիան: Խորհրդի նիստի արդյունքում ստորագրվել է երեք փաստաթուղթ: Դրանցով, ըստ էության, Մաքսային միությանը և միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու պրոցեսը մտնում է գործնական, ընթացակարգային հարթություն:

 

Փաստորեն, ո'չ Բելառուսը ո'չ էլ Ղազախստանը, չնայած Մինսկի գագաթաժողովից առաջ ՄՄ-ին Հայաստանի միավորման դեմ ուղղված հայտարարություններին, այս գործընթացը կասեցնել չկարողացան: Դրան նպաստեց Հայաստանն ինքը: ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովն այսօր հայտարարել է, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային Միության ղեկավարներին խնդրել է հնարավորինս շուտ վավերացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Ավելին, ըստ Շուվալովի, Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել պահանջվող բոլոր համաձայնագրերն ընդունել առանց վերապահումների, սահմանափակումների, այսինքն` անվերապահ կատարել Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված անհրաժեշտ բոլոր պայմանները: Եվ հիմք ընդունելով Սերժ Սարգսյանի` այս հավաստիացումները` որոշվել է հնարավորինս արագ, մինչև դեկտեմբեր հատուկ ստեղծված աշխատանքային խմբի միջոցով ներկայացնել ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»: Կարճ ասած` Հայաստանի նախագահը ուղղակի խնդրել, աղաչել է ՄՄ երեք ղեկավարներին` Հայաստանի առջև անդամակցելու հարցում ոչ մի արհեստական խոչընդոտ չստեղծել:

 

Թեեւ հարցը գրեթե վերջնականապես լուծված է, ու ՄՄ անդամ երկրներն էլ, ըստ էության, Հայաստանի առջև Մինսկում ռուսական «արտադրության» կանաչ լույս վառեցին, ինքնամոռաց կերպով ՄՄ-ին միանալու` Սերժ Սարգսյանի այս կուրսը հիմա շատ ավելի լուրջ է առաջացնում, քան պատասխաններ տալիս` դրանով իսկ պրոցեսը դարձնելով չափազանց մտահոգիչ: Նախ` հարց է առաջանում, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնում անվերապահ ընդունել անդամակցության հետ կապված անխտիր բոլոր պայմանները, վավերացնել բոլոր համաձայնագրերը, երբ ընդամենը երկու ամիս առաջ դոգմատիկ ճշմարտություն էր համարում ՄՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունենալու ու դրանով պայմանավորված ՄՄ-ի հետ անհամատեղելիության հանգամանքը: Եթե իսկապես նման խնդիրներ չկան, ապա ինչո՞ւ էր կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ աշխատանքային խումբ ստեղծում ու դրա առջև խնդիր դնում հստակեցնել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր տեխնիկական, օրենսդրական, ընթացակարգային խոչընդոտները: Տունտունի՞կ էին որոշել խաղալ, թե՞ պարապ մարդկանց համար զբաղմունք էին գտել:

 

Ղրղզստանը, ում առջև ևս ՄՄ մտնելու կանաչ լույս վառեցին Մինսկում, որոշ վերապահումներ այդ ճանապարհին ընդգծել է, որն ընդունվել է որպես հիմք նրա հետ հետագա բանակցություններում: Ստացվում է, որ ՄՄ-ի հետ սահման ունեցող Ղրղզստանը խնդիրներ տեսնում է իր առջև, իսկ ահա սահմաններ չունեցող Հայաստանը` ոչ: Մյուս կողմից, անգամ եթե իսկապես ոչ մի նման խնդիր գոյություն չունի, ինչպե՞ս կարելի է նման հավաստիացում տալ այն դեպքում, երբ անդամակցության հետ կապված համաձայնագրերը վավերացնում է Ազգային ժողովը, որը թեկուզ տեսականորեն կարող է, ի տարբերություն նախագահի, այդ համաձայնագրերում Հայաստանի պետական շահերին հակասող դրույթներ տեսնել: Մեկ անգամ արդեն նախագահն իրեն իրավունք է վերապահել խոսելու, ավելի ճիշտ որոշում կայացնելու խորհրդարանի փոխարեն: Խոսքը վերաբերում է Թուրքիայի հետ երկու հայտնի արձանագրությունները ԱԺ կողմից վավերացնելու հավաստիացումներին, որը ոչ այլ ինչ էր, քան ԱԺ-ի` իբրև անկախ պետական ինստիտուտի, իշխանության մարմնի, փաստացի ոչնչացում: Հիմա նույնը, փաստորեն, տեղի է ունենում Մաքսային միության ճակատում:

 

Հարց է առաջանում նաև` ինչո՞ւ է Հայաստանը նույնիսկ ոչ թե շտապում, այլ ուղղակի մխրճվում ՄՄ: Ի՞նչ է թաքնված այս կայծակնային արագության տակ: Իշխանությունների որդեգրած` հասարակության թիկունքում «գիշերային դիվանագիտության» տրամաբանությամբ գործելու այս մոտեցումը չի կարող ոչ մի լավ բանի մասին խոսել: Երբ դա համադրում ենք Զորի Բալայանի նամակի շեշտադրումների, ԼՂ հարցում առկա պայթյունավտանգ իրավիճակի հետ, միակ տամաբանական բացատրությունը մնում է Ռուսաստանին ինքնահանձնման միջոցով նոր պատերազմը կանխելու խնդիրը: Թեև այս ամենը չափազանց նման է նաև ցանկացած, անգամ պետական շահի զոհաբերման գնով Պուտինի վստահությունը շահելու փորձերին, որը ցուցադրվում է նման, ուղղակի անհավատալի ալտրուիզմով:

 

ՄՄ-ին միանալու` Սերժ Սարգսյանի սեպտեմբերյան հայտարարությունից հետո իշխանական ողջ մեքենան համառորեն համոզում էր, թե դա պայմանավորված է Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգության ապահովմամբ: Մինսկում տեղի ունեցածն ապացուցում է, որ դա ընդամենը հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու հնարք է: Որովհետև նույնիսկ Հայաստանին ՄՄ ընդգրկելու մասին որոշման նախագծի ընդունման պահին պարզ չէ` ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԼՂՀ-ն, երբ այդ նախագիծը դառնա որոշում, ու Հայաստանն էլ, ինչպես Սերժ Սարգսյանն է խոստանում, մեկ շնչում ընդունի բոլոր համաձայնագրերը: Ի վերջո, լինելո՞ւ են արդյոք մաքսակետեր Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, թե՞ ոչ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հետ միասին արդյո՞ք ԼՂ-ն ևս համարվելու է գոնե եվրասիական ինտեգրացիոն նախագծերում ներառնվող չճանաչված կազմավորում, թե՞ ոչ: Գուցե Հայաստանի իշխանություններն ունե՞ն այս հարցի պատասխանը: Եթե այո, ապա ինչո՞ւ է դա գաղտնի պահվում հասարակությունից, եթե ոչ, ապա ինչո՞վ է իշխանությունը համոզված, որ ափալ-թափալ ՄՄ մտնելը վերջնականապես ապահովագրում է ԼՂՀ-ն ու Հայաստանը ադրբեջանական ագրեսիայից, որ դա բացառում է պատերազմի վերսկսումը, որ թե' ՄՄ-ի, թե' ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի գործընկերը` Ռուսաստանը և Բելառուսը, ժամանակակից հարձակողական զինտեխնիկա չեն վաճառելու Ադրբեջանին: Այս հարցերի պատասխանը, սակայն, ոչ ոք առայժմ չի բարեհաճում տալ: Եվ հասարակությունը, անգամ պետական իրավասու մարմինները չեն հասկանում ինչ է կատարվում իրենց շուրջը, իրենց թիկունքում և ստիպված կույր խարխափում են արտաքին քաղաքականություն կոչվող, մուտք ու ելք չունեցող այս մութ սենյակում:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ