Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-02-02 18:53
Առանց Կատեգորիա

Կառավարության կապիտուլյացիան օլիգարխների դեմ պայքարում

Կառավարության կապիտուլյացիան օլիգարխների դեմ պայքարում

Վերջին արտահերթ նիստում կառավարությունը որոշում ընդունեց մինչև հուլիսի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի այն դրույթները, որոնցով պարտադիր փաստաթղթավորման պահանջ էր դրվում մինչև 58.3 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց համար շրջանառության հարկը 3.5 տոկոսի փոխարեն կազմելու էր 1 տոկոս: Այս որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում, որի հիման վրա մշակվել է օրինագիծ և, անհետաձգելի համարվելով, ներկայացվել Ազգային ժողով:

 

Կառավարության այս որոշումը խիստ անկանխատեսելի էր: Խնդիրն այն է, որ սա արդեն օրենքի այդ կետերի կիրառումը հետաձգելու երկրորդ դեպքն է: Նախորդը տեղի էր ունեցել անցած տարվա հոկտեմբերին, երբ, տեղի տալով ՓՄՁ ներկայացուցիչների՝ փաստաթղթավորման պարտադրանքը հանելու պահանջներին, կառավարությունը որոշեց այդ դրույթների կիրառումը կասեցնել մինչև այս տարվա փետրվար: Մինչդեռ`  ակցիայի դուրս եկած ՓՄՁ ներկայացուցիչները և ԱԺ ոչ իշխանական 5 խմբակցություններն առաջարկում էին օրենքից հանել փաստաթղթավորման պարտադիր լինելու մասին դրույթը և ձեռներեցներին տալ հնարավորություն սեփական կամքով ընտրություն կատարելու նախկին՝ առանց փաստաթղթավորման` 3.5 և փաստաթղթավորմամբ՝ 1 տոկոսի հարկման ռեժիմների միջև:

 

Ոչ իշխանական ուժերը նույնիսկ այդ նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագիծ դրեցին շրջանառության մեջ, որը, սակայն, կառավարությունը կտրուկ մերժեց՝ նախընտրելով օրենքի այդ դրույթների կիրառումը հետաձգելու տարբերակը: Ժամկետը սպառվեց, սակայն ՓՄՁ-ների բարձրացրած խնդիրների համար կառավարությունն այդպես էլ որևէ հիմնարար լուծում չգտավ, ինչը ՓՄՁ ներկայացուցիչներին ստիպեց արդեն հունվարի կեսերից կրկին սկսել բողոքի ակցիաները՝ շատ ավելի կտրուկ գործողությունների՝ ընդհուպ հանրապետական գործադուլի դիմելու սպառնալիքներով: Եվ ահա կառավարությունը, փաստորեն, իրավիճակից միակ լավագույն ելքը տեսավ կրկին հետաձգման մեթոդի կիրառման մեջ: Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե գործադիրը դարձյալ գնում է կոսմետիկ, ժամանակավոր լուծումների, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե որոշվել է մինչև հուլիսի 1-ը «մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»: Վարչապետը, սակայն, չէր հստակեցրել, թե կոնկրետ ի՞նչ բարենպաստ պայմանների մասին է խոսքը:

 

Սակայն այսօր նույն հարցով վարչապետի և խորհրդարանական խմբակցությունների հետ ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած քննարկումներից հետո ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի տված պարզաբանումներից կարելի է հասկանալ, որ կառավարությունն ամեն դեպքում որոշել է գնալ ոչ իշխանական ուժերի՝ նախկինում առաջարկած և իր կողմից մերժված՝ տնտեսվարողներին հարկման երկու ռեժիմների միջև ընտրություն կատարելու մեխանիզմ սահմանելու ճանապարհով: «Մոտեցումների միջև բավական ընդհանրություններ կան, և մենք գտնում ենք, որ կարող ենք այդ ընդհանուր մոտեցումներով ներկայանալ հաջորդ քառօրյային»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:

 

Այսպիսով` կարելի է արձանագրել, որ կառավարությունը հետդարձ է կատարում փոքր և միջին ձեռնարկություններին ապրանքների պարտադիր փաստաթղթավորման մղելու միջոցով ստվերային շրջանառության դեմ պայքարի իր նախանշած «բարեփոխումից»: Ակնհայտ է, որ ՓՄՁ-ների ճնշող մեծամասնությունը, եթե` ոչ բոլորը, նախընտրելու են նախկին՝ 3.5 տոկոս շրջանառության հարկ վճարելու, բայց ապրանքը չփաստաթղթավորելու տարբերակը՝ խոշոր բիզնեսի, մատակարարողների և ներկրողների հետ խնդիրներ չունենալու համար:

 

Սա այլ կերպ, քան կառավարության հերթական բարեփոխման ձախողում, դժվար է որակել, որովհետև այն մոտեցումը, թե, ՓՄՁ-ներին մղելով խոշոր բիզնեսից փաստաթուղթ պահանջելու դաշտ, կարող են ստիպել նրանց ներկայացնել իրենց իրական շրջանառությունը և այդ չափով մտնել հարկման դաշտ, չաշխատեց: Դրա հիմնական պատճառը բացառապես այն էր, որ կառավարությունն ընտրել էր ոչ թե իրապես խոշոր բիզնեսում ստվերը կրճատելու տարբերակը, այլ դրա անվան ներքո ՓՄՁ-ների բեռը ծանրացնելու: Կառավարությունն, այսպիսով, ինքն իրեն շատ անլուրջ վիճակի մեջ դրեց: Նախ՝ հարց է առաջանում՝ եթե, այնուամենայնիվ, ելքը պետք է լիներ ՓՄՁ-ների և ոչ իշխանական ուժերի հետ ընդհանուր եզրեր գտնելուն գնալը, ինչո՞ւ հենց սկզբից գործադիրը դրան չդիմեց, որի պատճառով իսկական շիլաշփոթ առաջացրեց շրջանառության հարկման դաշտում և ցնցումների ենթարկեց ՓՄՁ համակարգը: Սա կառավարման ինչ-որ նոր մեթո՞դ է՝ հիմնված պնդաճակատության վրա, թե՞ գործադիրում ավելին անելու ներուժ չկա, և գործ ունենք գաղափարների և կադրերի դեֆիցիտի հետ: Երկրորդ՝ այս զիջումը կատարելը, կառավարության նախկին համառության ֆոնին, այլ բան չէ, քան օլիգարխիայի և ստվերային տնտեսությանը հայտարարած պատերազմում սեփական պարտությունը ճանաչելը կամ կապիտուլյացիան ընդունելը:

 

Իրականում` խորքային առումով այն, ինչ առաջարկում էին ոչ իշխանական ուժերը, ուղղված է, կառավարության ընտրած ճանապարհով գնալով, ՓՄՁ ողջ համակարգը վերջնականապես փլուզելուց խուսափելուն և մեծ հաշվով ելման դիրքեր վերադառնալուն: Եվ գնալով ոչ իշխանական ուժերի տարբերակին՝ Հովիկ Աբրահամյանն անուղղակիորեն հաստատում է, որ կա'մ բավարար կամք չունի ուղղակի պատերազմ սկսելու՝ խոշոր բիզնեսին ստվերից հանելու համար, կա'մ պարզապես չի՞ կարող… Բայց գուցե պարտությունն ընդունելն այս դեպքում ավելի՞ ազնիվ է, քան ինքնախաբեությամբ և հասարակությանն ավելորդ հույսեր ներշնչելով, մոլորության մատնելը...

 

Գևորգ Աղաբաբյան