կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 01:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղը ժամը 12։00-ին ասուլիս, 17։00-ին հանրահավաք․ կապիտուլյացիան մերժելու պահանջը շարունակվում է

Նոյեմբերի 12-ին, ժամը 17։00-ին Արցախի հանձնման որոշման դեմ բողոքող և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը շարունակելու են հանրահավաքը Մատենադարանի մոտ, որտեղից նախատեսվում է երթ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Մինչ այդ նոյեմբերի 12-ին ժամը 12-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակում նախատեսվում է մամուլի ասուլիս, որտեղ բովանդակային կներկայացվեն բոլոր հարցերը։

«Հանրահավաքը ունենալու է հուժկու բնույթ և վստահ ենք, որ մասնակից են լինելու ոչ միայն Երևանի, այլև մարզերի այն քաղաքացիները, ովքեր չեն հանդուրժելու ռեպրեսիաները»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը 17 կուսակցությունների խորհրդի անունից հրավիրված մամուլի ասուլիսում։

Նա ասաց, որ բոլոր այն մարդիկ, որոնց համար իսկապես կարևոր է ազգի արժանապատվությունը, ողնաշարը պահելը, բոլորը պետք է մասնակից լինեն։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ խաղաղ հավաքի նպատակը հայրենիքի փրկության համար մեր քաղաքացիների բուռն պահանջն է, որ օրվա իշխանությունը հեռանա։

Այսօրվա հավաքը ցույց է տվել, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մերժում են այն կապիտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև երբ անձը կապիտուլացնում է երկիրը, չի կարող շարունակել մնալ երկրի ղեկին։

«Ի դեմս նոր անձի բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի մի անձ, որը կարող է բեկում մտցնել վիճակի մեջ»,-ասաց Մինասյանը։

Նա վստահեցրեց, որ սա ազգային ողնաշարը վերականգնելու պայքար է։

Արծվիկ Միանսյանն ասաց, որ իշխանությունը ընդդիմադիրների իրավական քայլերին պատասխանում է ոչ բովանդակային ձևով՝ պարզապես դիմելով ռեպրեսիաների։

«Բազմաթիվ անգամներ փորձում էին գողանալ այս շարժման առաջնորդներին։ Այս պահի դրությամբ էլ շարժման առաջնորդների մեծ մասը ձերբակալված է, բայց սա ավելի հզորացնում մեր ոգին և արդյունքը լինելու են էլ ավելի մեծամասշտաբ միջոցառումները»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ մենք այսօր ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը չի ընկրկելու փաստաթուղթը ստարագրած այն վարչախմբի առաջ, որը Հայաստանը տանում է պարտության ու փորձում այն ներկայացնել իբրև հաղթանակ։ Դրա համար, նրա խոսքով, չենք կարող թույլ տալ, որ այս պարտությունը շարունակական բնույթ ունենա։

«Եվ հիմա մենք պայքարելու ենք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, այլև ՀՀ-ում մեծաքանակ քաղբանտարկյալների ազատման համար»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը վստահեցրեց, որ իրենք տեսնում են, որ հնարավոր է իրավիճակի փոփոխություն, բայց դրա համար գործող իշխանությունը և վարչապետը պետք է հրաժարական տան։

«Գործող վաւրչախումբը փորձ է անում Հայաստանը բաժանել մասերի և վախի մթնոլորտ ստեղծել։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ունենալու են անդառնալի կորուստներ և մենք չենք հաշտվելու դրա հետ։ Մեր պայքարը շարունակվելու է։ Մեզ փորձում են վախեցնել, վախը հատուկ չէ ձեզ, մի վախեցեք։ Մենք փոխելու ենք իրավիճակը, հավատացեք մեզ և ձեզ»,-ասաց Արա Հակոբյանը։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը նշեց, որ դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից այս ձերբակալությունները նպատակ ունեն պահել քաղաքական ուժերի ղեկավարներին այնքան ժամանակ, մինչև այս պայմանգիրը կհասնի իր ավատին։

«Քիչ առաջ ես տեղեկություն ստացա, որ շատ շուտով ՀՀ-ում անջատվելու է ինտերնետը։ Վստահեցնում եմ, չի հաջողվելու, ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները արդյունք չեն ունենալու և մենք թույլ չենք տալու այս դավաճանության շարունակությունը»,-ասաց Արսեն Բաբայանը։

Մանրամասն՝ տեսանյութում․