կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-25 18:24
Հասարակություն

Գեղամյանն իր PR-ն անելու առիթը բաց չի թողնում

Գեղամյանն իր PR-ն անելու առիթը բաց չի թողնում

Կառավարության ընդունելությունների տանը միջոցառում էր: Սրահում դրված էր մեծ սեղան, վրան` գրքեր եւ «Իրավունք» թերթի թարմ համարը: Հարցնում եմ` այս ի՞նչ գիրք է: Բաժանող տիկինը, թե` Արտաշես Գեղամյանի նոր գիրքը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը սրընթաց մտորումներ է գրել` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, իսպաներեն լեզուներով, անուն էլ դրել` «Հայաստանի Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է»:

 

Հարցնում եմ` «Իրավունք» թերթը ինչի՞ համար եք դրել, թե` որովհետեւ այստեղ Արտաշես Գեղամյանի հոդվածն է մեջը: Ասում եմ`բայց Արտաշես Գեղամյանը ի՞նչ կապ ունի այս միջոցառման հետ: Ասում է` չգիտե՞ք` ինքն է կազմակերպել:

 

Պարզաբանենք, Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ով 25 տարի նվիրվել է Հայաստանին եւ հանդես եկել հայանպաստ դիրքորոշմամբ, ավարտում է առաքելությունը Հայաստանում: Արտաշես Գեղամյանն էլ հանձն է առել հրաժեշտի երեկոյի կազմակերպումը: Ու ձեռքի հետ զբաղվում է իր PR-ով:

 

Մինչ ես «անհասկանալի» հարցերս էի ուղղում տիկին «ցրիչին», սեղանին հայտնվեցին Արտաշես Գեղամյանի կողմից «թարմ գրված» եւս երկու գիրք: Վերնագրերն անգամ չկարդացի, ասացին, որ թեմայի հետ դարձյալ կապ չունի: Ի դեպ, միակ հատկանշական բանը, որ աչքովս ընկավ, այն էր, որ «Իրավունք» թերթի առաջին էջում «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի մեծադիր նկարն էր` տակը գրված` «НЕ БОЛТАЙ!» եւ ուղեկցող հոդված` «Ասք ավել-պակաս բլթացնելու քաղաքական հետեւանքների մասին»:

 

Ի դեպ, թերթի սեփականատեր, ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ եւ ՍԻՄ կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը ոչ միայն ներկա էր միջոցառմանը, այլեւ արժանացավ Արտաշես Գեղամյանի մեծ ընդունելությանը: «Այստեղ է նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը»,- բեմից բացականչեց Արտաշես Մամիկոնովիչը: Ճանաչողների գերակշիռ մասը չծափահարեց:

 

Փաստորեն, ռուս հայտնի քաղաքական գործիչ Կրիվոպուսկովը, որը մեծ ծառայություն է մատուցել Հայաստանին, եւ դա գովերգվում է, իսկ ԱԱԽ քարտուղարի կողմից արժանանում բարձր պարգեւի, հրաժեշտի արարողության է արժանանում Գեղամյանի մակարդակով կազմակերպված ընդունելությամբ, որին չի մասնակցում կառավարությունից եւ ոչ մի ներկայացուցիչ, անգամ Ռուսաստանի դեսպանը չի մասնակցում: Միջոցառման փոխարեն լինում է Արտաշես Գեղամյանի PR-ը: Իսկ կոալիցիոն պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ իր թերթի միջոցով հանդիսականների, այդ թվում' Կրիվոպուսկովի ներկայությամբ խայտառակում է կոալիցիոն մեկ այլ պատգամավորի' Հեղինե Բիշարյանին:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ