Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բաքվում այսօր էլ շարունակվում են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները: Վաղն արդեն կլինի ԽՎ եզրափակիչ հռչակագիրը, որով էլ կավարտվի ԵԱՀԿ ԽՎ 23-րդ տարեկան նստաշրջանը:
Բաքվի հռչակագիրը կհանդիսանա հունիսի 28-ից հուլիսի 2-ը ընթացող` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում արձանագրված արդյունքների ամփոփիչ փաստաթուղթը, որի նախագիծը պատվիրակները կստանան վաղն առավոտյան:
Հայաստանյան պատվիրակներից ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ երբ ստանան նախագիծն ու ծանոթանան դրանում ամրագրվելիք դրույթներին, եթե ինչ-ինչ կետեր հակասեն հայկական շահերին, ապա հայկական պատվիրակության անդամներն իրենց առաջարկություններն ու պահանջները կներկայացնեն ու կփորձեն փոփոխություններ մտցնել. դրա հնարավորությունը կա:
Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի խնդրանքով անդրադարձավ նաեւ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի` ադրբեջանական haqqin.az էլեկտրոնային լրատվամիջոցին տված հարցազրույցին, որում նա նշել էր, թե «մենք շատ ենք ցանկանում, որպեսզի Ադրբեջանը ևս միանա այդ միությանը (ԵՏՄ-ին. խմբ.), որը մեծապես կօգնի կարգավորել մեր միջև առկա թյուրընկալումներն ու խնդիրները»: Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դա ամբողջ պատվիրակության տեսակետն է, եւ արդյո՞ք Արտաշես Գեղամյանը Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է արտահայտել' Հայաստանն, իրո՞ք, ցանկանում է, որ Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, եւ արդյո՞ք դա կօգնի ԼՂ բանակցային գործընթացին:
«Կարծում եմ, որ դա զուտ պարոն Արտաշես Գեղամյանի անձնական տեսակետն է. Ինչու եմ այդպես կարծում' վստահաբար կարող եմ ասել, որ պատվիրակության մյուս անդամների տեսակետը չէ դա' ո'չ իմ եւ ո'չ էլ պարոն Ստեփան Մարգարյանի տեսակետն այդպիսին չէ: Երկրորդ' ես չեմ լսել, որ խորհրդարանական մեծամասնությունը' ՀՀԿ-ն, երբեւիցե այդպիսի ցանկություն արտահայտած լինի: Ես երբեւիցե չեմ լսել նաեւ, որ հանրապետության արտգործնախարարը կամ նախագահը, ովքեր Հայաստանի արտաքին քաղաքականությունն են ղեկավարում եւ իրականացնում, այդպիսի ցանկություն հայտնած լինեն»,- պատասխանեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է, որ Արտաշես Գեղամյանի հայտարարությունը կապված լինի ՌԴ որոշ շրջանակների կամ հենց Ռուսաստանի ցանկության հետ, նա նշեց, թե չի բացառում, որ ռուսական շրջանակներում ուզում են, որ Ադրբեջանը մաս կազմի ԵՏՄ-ին, եւ ավելացրեց, թե վստահաբար կարող է ասել, որ պարոն Գեղամյանը նաեւ ռուսական պետությունը չի ներկայացնում:
«Այս ամենը արձանագրելով` կարող եմ ասել, որ սա պարոն Գեղամյանի անձնական ցանկությունն է: Ինքն ասում էր' «մենք շատ ենք ցանկանում»` հավանաբար, նկատի ունենալով անձամբ ինքն իրեն: Երկրորդ խնդիրը' մտածել, թե Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ԵՏՄ-ին կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ու հարցի լուծմանը, ես այդպես չեմ կարծում, եւ մեր երկրի ղեկավարներն էլ նման բան չեն ասել: Ընդհակառակը' միշտ շեշտվել է, որ Եվրասիական տնտեսական միությունն այն հարթակը, այն ֆորմատը չէ, որտեղ պիտի Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկվի: Այսինքն' այս հարցի լուծումներն այնտեղ չպետք է փնտրել»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը: