կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 23:00
Քաղաքական

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ՄԽ համանախագահներ

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ՄԽ համանախագահներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա եւ Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) հունիսի 29-30-ը անցկացրել են առանձին եւ համատեղ տեսակոնֆերանսներ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ` տարածաշրջանում հանրային առողջության ոլորտում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացիկ դինամիկան եւ խաղաղ գործընթացում հետագա քայլերը քննարկելու համար: Այս քննարկումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասված է տեսակոնֆերանսի արդյունքներով համանախագահների հայտարարության մեջ:

Համանախագահներն ընդգծել են խաղաղության եւ բարենպաստ առարկայական բանակցությունների համար մթնոլորտի ստեղծման եւ աջակցության կարեւորությունը։ Նրանք դրական են գնահատել տեղերում հարաբերական կայունությունը եւ գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել կապի գոյություն ունեցող ուղիղ խողովակները` էսկալացիայից խուսափելու համար: Միաժամանակ, հղում կատարելով 2019-ի մարտի 9-ի իրենց հայտարարությանը, համանախագահները մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, հրահրիչ հռետորաբանությունը եւ հնարավոր քայլերը, որոնք ուղղված են տեղերում իրավիճակը շոշափելի միջոցներով փոխելուն, կարող են խաթարել կարգավորման գործընթացը:

Համանախագահները ընդգծել են, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Նրանք կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման համար եւ բնակչությանը պատրաստել խաղաղության: Համանախագահները նաեւ ընդգծել են PRCIO-ի ղեկավարությամբ մոնիթորինգը վերսկսելու անհրաժեշտությունը, հենց որ թույլ տան պայմանները:

Համանախագահներն ու արտգործնախարարները պայմանավորվել են հուլիսին անցկացնել եւս մեկ համատեղ տեսակոնֆերանս եւ հնարավորինս շուտ անձամբ հանդիպել: