կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-22 13:58
Առանց Կատեգորիա

Այսօր Ղարաբաղյան հակամարտությունը լուծում չունի. Ալեքսանդր Ռար

Այսօր Ղարաբաղյան հակամարտությունը լուծում չունի. Ալեքսանդր Ռար

Այսօր Ղարաբաղյան հակամարտության լուծում չկա, բացի նրանից, որ պահպանվի ստատուս քվոն: Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները տրամագծորեն հակառակն են, այդ պատճառով փոխզիջում գտնելը շատ բարդ է. 1 news.az-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների եւ էներգետիկ հարցերով եվրոպական փորձագետ Ալեքսանդր Ռարը:

Ըստ նրա` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությունը արդյունք չտվեց, իսկ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն Հարավային Կովկասով զբաղվելու ժամանակ չունեն. նրանց ներկայումս մտահոգում են Հյուսիսային Աֆրիկան, Սիրիան:

«Ինձ թվում է, որ դա այն հակամարտություններից է, որը հնարավոր չէ լուծել: Հայերը չեն ցանկանում հանձնել Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը ոչ մի զիջման չի գնա առանց այդ տարածքը վերադարձնելու պայմանի բավարարման: Կողմերից յուրաքանչյուրն ունի իր փաստարկները: Եվ այդ երկու պետություններից յուրաքանչյուրին դրսից ուժեր են պաշտպանում: Լիակատար անելանելի` պատային վիճակ: Ես չեմ տեսնում, թե ինչպես կարելի է կարգավորել իրադրությունը, քանի որ կողմերի դիրքորոշումները բացառում են միմյանց»,- ասել է Ռարը:

Նրա կարծիքով` հակամարտությունը կկարգավորեն հաջորդ սերունդները, որոնք չեն ունենա 20-ամյա վաղեմության ողբերգական հիշողությունները:

«Սա հակամարտություն է, որի վրա Արեւուտքը չգիտի` ինչպես ազդել: Կա միջազգային իրավունքի երկու սկզբունք, որոնցից մեկին հենվում է Ադրբեջանը` տարածքային ամբողջականությունը, եւ ժողովուրդների ինքնորոշումը, որը վկայակոչում են հայերը: Այդ պատճառով ստեղծվել է շատ բարդ իրավիճակ, եւ Արեւմուտքը չգիտի` ինչ անել: Հուսով ենք գործը ռազմական գործողություններին չի հասնի: Ոչ ոք դա չի ցանկանում»,- նշել է վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դաշնակից Թուրքիային, Ռարի կարծիքով, այդ երկիրը Սեւծովյան տարածաշրջանում իր աշխարհաքաղաքականությունն է զարգացնում եւ իր ազգային շահերի պաշտպանության հարցում չի կողմնորոշվի բացառապես Ղարաբաղյան հիմնախնդրով, առավել եւս, որ Հայաստանի հետ իր խնդիրներն ունի: