Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չեմ կարծում, որ ծերունական մառազմի հետեւանք է, սակայն կարծում եմ, որ Բալայանի հոտառությունը մի քիչ խաբեց իրեն». լրագրողների հետ զրույցում նշեց Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով օրերս Զորի Բալայանի նամակին` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Բաբայանը նշեց, որ ինքն անչափ շնորհակալ է Բալայանին, որ նա այս տեսակ նամակ է գրել, քանի որ սա հերթական անգամ ապացուցում է, որ մեր բոլոր խնդիրները մեր մեջ են:
«Նամակը ոչ այնքան Պուտինին է ուղղված, որքան` հայ հասարակությանը, քանի որ Բալայանն ասում է, որ այնքան էլ չի նեղանա, եթե Պուտինը չկարդա նամակը: Ցավոք, պատմությունով զբաղվում են ով ասես, սակայն պատմությունը գիտություն է, եւ իսկական գիտնականը փնտրում է այն փաստերը, որոնք մերժում են իրենց թեզը, իսկ դիլետանտները, ընդհակառակը, գտնում են այն, ինչ իրենց դուր է գալիս. Բալայանի նամակը դիլետանկական բնույթ է կրում»,-ասաց Բաբայանը` հավելելով, որ ինքը չի նախանձում Զորի Բալայանին:
Նա նշեց նաեւ, որ պատմական մի շարք փաստեր անտեսված են Բալայանի կողմից: Ըստ Բաբայանի` Ռուսաստանը հանդես է եկել որպես զավթիչ եւ զավթել է Պարսկաստաինին պատկանող տարածքը, որը բնակեցրել է հայերով, որ այդ տարածքը պահպանի, եւ այժմ զավթիչ գործողությունները բարերարության տեսքով ներկայացնելը ճիշտ չէ:
«Մեր մտածողությունը մնացել է 200 տարի հետ` հաշվի չառնելով ժողովրդի կարծիքը. Ղարաբաղի բնակչությանը հարցրե՞լ եք, թե ուզում են նրանք ՌԴ մաս դառնալ: Մեզնից միայն մի բան է պահանջվում` դառնալ նորմալ ժողովրդական երկիր, որ մեր եւ Ադրբեջանի տարբերությունը զգացվի: Մենք ասում ենք այս հոդվածով, որ մենք Ղարաբաղի անկախություն չենք ուզում, այլ ուզում ենք մի կտոր Ադրբեջանից հող պոկել եւ տալ ՌԴ-ին»,-ասաց Բաբայանը եւ հավելեց, որ Ղարաբաղի հարցն ինքնորոշման հարց է, եւ այս նամակով այդ հարցը ջնջում ենք.«Մեր տված զոհերը մեզ համար ոչ մի նշանակություն չունեն: Շովինիզմը միշտ բերում է երկրի կործանման: Ղարաբաղն ունի երկու ճանապարհ` լինել անկախ կամ միանալ Հայաստանին»: