Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալները մեղադրվում են Արսեն Ավետյանի հորը` Ռոբերտ Ավետյանին, թունավորելու միջոցով կյանքից զրկելու փորձ կատարելու մեջ:
Այսօրվա նիստին ցուցմունք տվեց գործով վկա, Ավանի հոգեբուժարանի հիվանդ Էդուարդ Ասատրյանը: Նախաքննության համաձայն` նա այն անձն է, ում միջոցով տաքսու վարորդ Վարուժան Սաֆթալյանը «ազալեպտին» տեսակի հոգեմետ դեղամիջոց է ձեռք բերել, որով և ցանկացել են թունավորել Ռոբերտ Ավետյանին` այն լցնելով նրա կողմից մշտապես օգտագործվող հանքային ջրի մեջ:
Ի դեպ, այս վկան, պարզվեց, հոգեկան շեղումներ է ստացել բանակում, որոնք էլ ավելի են սրվել կալանավայրերից մեկում հսկիչ աշխատելու տարիներին, երբ բազմիցս ականատես է եղել, թե ինչպես են բռնությունների ենթարկում և խոշտանգում դատապարտյալներին: Է. Ասատրյանը երկրորդ կարգի հաշմանդամ է և զինվորական թոշակ է ստանում:
Վկան դատարանին հայտնեց, որ իրեն թուլատրվում է օգտագործել բժշկի կողմից նշանակված «ազալեպտին» դեղահաբի միայն մեկ քառորդ մասը, իսկ չափաբաժինը չարաշահելը մեծ վտանգ կարող է ներկայացնել կյանքի համար: Նա պատմեց, որ Վարուժանի հետ ծանոթացել է մայիս ամսին` Սարյանի այգում, որտեղ ինքը հաճախ է լինում, և խնդրել է իրեն համբուրգեր և գարեջուր հյուրասիրել: Վկայի խոսքով` Վարուժանն իրեն հյուրասիրելուց հետո անգամ համաձայնել է 500 դրամով տանել 3-րդ մաս: Իսկ ճանապարհին, երբ դեղը հանել է, որ խմի, վարորդը հարցրել է, թե` ի՞նչ դեղ է, ինքն էլ պատասխանել է, որ քնաբեր է, հոգեմետ դեղ, որից հետո Վարուժանն իրենից խնդրել է դեղը (երեք հաբ)` փոխարենն իրեն անվճար հասցնելով տեղ:
Դատախազի հարցին, թե` ինչ ազդեցություն է թողնում այդ դեղը խմելուց հետո, վկան պատասխանեց. «Ոտերս տնկում-քնում եմ, հիմա էլ եմ խմել, վրայից էլ գարեջուր եմ խմել, եկել եմ: Դուրս չի գալիս, բայց դե զոռով խմում եմ, համ էլ, որ խմում եմ, կիշկես բացում ա»:
Արսեն Ավետյանի պաշտպան Գևորգ Մելքոնյանի հարցին, թե ինչ փաթեթավորմամբ են եղել այն դեղահաբերը, որոնք ինքը փոխանցել է Վարուժանին, վկան պատասխանեց. «Դակումենտի մեջ փաթաթած էր»:
Վկան դատարանին հայտնեց, որ դեպքի վերաբերյալ ավելին ասել չի կարող:
Պաշտպանը, սակայն, էական հակասություններ նկատեց վկայի նախաքննական և դատարանում տված ցուցմունքների միջև և միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքում վկայի և Վ. Սաֆտալյանի` դեղահաբի օգտագործման չափաբաժնի վերաբերյալ խոսակցության հատվածը:
Դատավորը, գործի քննությունը հեշտացնելու նպատակով, ամբողջությամբ հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը:
Վկան նախ հայտարարեց, որ քննիչներն իրեն ինչ թելադրել են, այն էլ գրել է, հետո հերքեց իր իսկ ասածը` նշելով, որ գրածները ճիշտ են, հետո դատավորին ասաց` որն ուզում եք, այն էլ հիմք ընդունեք…
Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանի հարցին`արդյոք տարբերություն տեսնո՞ւմ է նախաքննության ընթացքում տված և դատարանում հայտնած ցուցմունքների միջև, վկան պատասխանեց` ոչ: Չնայած դրան` դատախազը շարունակեց նույն հարցն այլ ձևակերպումներով հնչեցնել:
Այդ կապակցությամբ ամբաստանյալ Արկադի Վարդանյանը տեղից ակնարկեց, որ մեղադրող դատախազն ակնհայտ ճնշումներ է գործադրում վկայի նկատմամբ, ինչին դատախազը հակադարձեց:
Ա. Ամիրզադյանի հարցերն, ի վերջո, նյարդայնացրեցին վկային, և նա ափերից դուրս եկավ. «Արա’, ի՞նչ ես ուզում ասեմ` ասա’, ս…րս քաշեմ գնամ»:
Դատավորը վկային հիշեցրեց, որ նա գտնվում է դատական նիստերի դահլիճում և հորդորեց ավելի կոռեկտ գտնվել:
Այսքանով ավարտվեց Էդուարդ Ասատրյանի հարցաքննությունը:
Հաջորդ վկան` Ռուդոլֆ Գաբրիելյանը, ով ամբաստանյալ Արկադի Վարդանյանի ընկերն է, դատարանին հայտնեց, որ մի անգամ իրեն է զանգահարել Արկադին և մի դեղամիջոցի մասին հարցրել, սակայն, քանի որ ինքն այդ պահին խիստ ցրված է եղել, ասել է, որ այդ դեղի մասին չգիտի:
Հարցին, թե «ազալեպտին» դեղահաբի վերաբերյալ խոսակցություն եղե՞լ է, մասնագիտությամբ սրտաբան վկան պատասխանեց, որ ինքը 40 տարի է, ինչ աշխատում է առողջապահության ոլորտում, սակայն այդ դեղի հետ չի առնչվել:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ