Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել Ռուսաստանի միության հայերի նախագահ Արա Աբրահամյանը: Նա ասաց, որ նշվում է Ռուսաստանի հայերի միության 15-ամյակը: Լրագրողներին, սակայն, առավել շատ այլ հարցեր էին հետաքրքրում, մասնավորապես, թե արդյո՞ք ճիշտ են խոսակցություններն այն մասին որ նա պատրաստվում է մտնել Հայաստանի ակտիվ քաղաքականության մեջ` ստեղծելով նոր կուսակցություն, ինչպես՞ է դա պատկերացնում, եթե չի բնակվում Հայաստանում:
Արա Աբրահամյանը նախ շփոթվեց հարցից, հետո վրդովվեց` ասելով, որ իրեն լրագրողները մեղադրում են, կասկածում են, այնինչ` իր մտադրությունները մաքուր են:
«Ընտրություններին մասնակցելը տասներորդական հարց է: Ես Ռուսաստանում ձեռք եմ բերել բավական մեծ փորձ և մեծ գիտելիքներ, կապեր, հիմա ուզում եմ օգտակար լինել իմ երկրին: Եթե ես ասեմ` ինչով եմ զբաղվում, բոլորդ կզարմանաք, ձեր ֆանտազիան չի հերիքի, թե իմանաք, ես ինչերով եմ զբաղվում: Իմ քայլերը կապված են լինելու մեր երկրի զարգացման հետ: Այնպես չէ, որ գիշերը քնել եմ ու հանկարծ որոշել Հայաստանում կուսակցություն բացել, դա եթե ձեզ համար խաղուպար է, ինձ համար խաղուպար չէ: Այսօր ես պատրաստ եմ իմ հայրենիքի համար կարևոր բան անել, ես չեմ կարող հանգիստ լինել այնտեղ, եթե գիտեմ, որ իմ երկիրը օգնության կարիք ունի: Ես այնպիսի բան չեմ անում, որ էս երկրին վնասեմ, ես որոշել եմ կազմել այնպիսի ծրագիր, որը կարող է օգնել Հայաստանի տնտեսական, քաղաքական բոլոր խնդիրներին: Եթե տեսնեմ, որ կարող եմ օգտակար լինել, եթե ինձ մոտ ստացվի, ապա հնարավոր է` մասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,- ասաց Արա Աբրահամյանը:
Հարցին, թե կցանկանա՞ զբաղեցնել նախագահի պաշտոն, պատասխանեց. «Իսկ նախագահական ընտրություններ կա՞ն, ես չգիտեմ: Դուք գիտե՞ք: Սպասենք, կտեսնենք: Ես ինձ համար աշխատում եմ հիմա, եթե տեսնեմ կա համապատասխան թիմ, կառույցներ, ես նոր կորոշեմ` գնալու եմ ընտրությունների, թե` ոչ: 250-300 իրավաբան ունեմ, որ ինձ համար աշխատում են: Խոսքը չի գնում իմ` նախագահ կամ վարչապետ լինելու մասին, խոսքը գնում է երկրի վիճակը լավացնելու, երկրի զարգացման մասին: Ես ոչ մեկին ո\'չ քննադատելու եմ, ո\'չ ասելու եմ` դուք բոլորդ գիտեք, թե ինչ վիճակում է Հայաստանը: Էն, ինչ որ ես անում եմ, բոլորի համար եմ անում, ձեր համար եմ անում: Երկու մտադրություն ունեմ` կա\'մ կբացեմ նոր կուսակցություն և դրանով կգնամ, կա\'մ էլ ինչ-որ կուսակցության հետ միասին կգնամ»:
Թե ի՞նչ գաղափարական հենք է ունենալու իր կուսակցությունը, Արա Աբրահամյանը հստակ չպատասխանեց: