Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր կառավարությունն իր հագուկապին շատ ուշադիր է, հրաշալի գիտի՝ որտեղ ինչ հագնել: Երբ վարչապետն ու կառավարության որեւէ անդամ գնում է, ասենք, շինհրապարակ՝ զրահագլխարկը (կասկա) պարտադիր է, հիվանդանոց է գնում՝ քթկալն ու խալաթն է պարտադիր, գնում է արտադրամաս՝ սպիտակ խալաթը, կամ տեղի բանվորների գործարանային հագուստը կա ու կա: Գյուղում հանդիպո՞ւմ է անհրաժեշտ` գյուղացու հողոտ կոստյում եւ մեծ ու դատարկ կժեր...
Այսօր էլ կառավարության արտահերթ նիստին կառավարության բոլոր անդամները մասնակցել են զինվորական հագուստով՝ արձագանքելով «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժություններին:
Չգիտեմ, թե ում խորաթափանց ուղեղում է հղացել զինվորական հագուստով նիստին ներկայանալու փայլուն գաղափարը եւ ինչ նպատակ էր հետապնդում: Գուցե նպատակը երկրում առկա բազմաթիվ խնդիրների լուծման ուղղությամբ մարտականորեն տրամադրելու ցանկությո՞ւնն է: Գուցե դիպուկահարի հմտությամբ նրանք այլեւս կարողանան ճիշտ նշանակետին խփել ու հասկանալ մեր խնդիրների պատճառն ու լուծման ուղինե՞րը:
Գուցե նույն տրամաբանությամբ մշակույթի նախարարը հասկանա, որ 54 միլիոն դրամով կարելի է ոչ թե հրապարակում «տռճիկ տալ», այլ կործանումից փրկել պատմական մի քանի հուշարձաննե՞ր: Գուցե գյուղնախարարը հասկանա, որ պետք չէ գյուղացուն հայտնի կենդանու տեղ դնել ու հեղեղը տարած լոլիկի փոխարեն «յոնջայի» սերմ տալ, կամ այլեւս չխոստանալ բերքի իրացում, եթե այն թողնելու է կաթողիկոսի աղոթքների հույսին: Իսկ գուցե Արամ Հարությունյանը հասկանա, որ բնապահպանության նախարար լինելու ամբողջ իմաստը հանքեր սեփականաշնորհելու մեջ չէ՞: Գուցե քաղաքապետը, վարչապետը, կառավարության բոլոր անդամներն ու նիստին մասնակցածներից շատերը ամենաճշգրիտ դիպուկահարի պես հասկանան, որ մեր գլխավոր խնդիրը իրենք են, եւ հրաժարակա՞ն տան:
Հավանաբար, հագուստն օգնում է պատկերացնել նախարարին այդ հագուստի իրական կրողի դերում. օրինակ` մի պահ նրանք իրենց զգացին սպա-հրամանատարի դերում եւ մարտական որոշումներ կայացրին: Բայց այդ դեպքում կառավարությունը ստիպված կլինի ամեն օր արտահերթ նիստ անել՝ համապատասխան հագուստներով: Երեկ Ճարտարապետության միջազգային օրն էր, կարելի էր հագնել էլիտար շենքերի պատկերներով հագուստ՝ չմոռանալով պատկերել այն տարածքները, որոնք, որպես գերակա շահի պատանդներ, վերածվեցին «քարեղեն կոթողների»՝ զուրկ բնակչությունից: Ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքը բոլորովին վերջերս խոստովանեց, որ էլիտար շենքերը պահանջարկ չունեն:
Երեկ նաեւ գրադարանավարների օրն էր. կարող էր, չէ՞, կառավարության յուրաքանչյուր անդամ հանգնել անկախությունից ի վեր փակված գրադարանների պատկերներով հագուստ:
Հայաստանում կան հարյուրավոր մուրացիկներ, աղքատ մարդիկ: Հետաքրքիր գաղափար կլինի` կառավարության անդամները որոշեն հերթական կամ արտահերթ որեւէ նիստի առավոտը լուսացնել կանգառում՝ տնանկների պես (բոմժ), կամ քաղցած, ինչպես, ըստ ՄԱԿ-ի, Հայաստանի բնակչության յուրաքանչյուր երրորդն է ու այդպես ցնցոտիներով ու քաղցած գալ «գործի»՝ գլխարկը ձեռքում, որպեսզի կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնողները մի քանի կոպեկ նետեն գլխարկի մեջ: Այդպես նաեւ կհասկանան, թե ինչո՞ւ է աշխատավարձ չստացած նաիրիտցին բողոքում կառավարության ու նախագահականի առջեւ:
Հուլիսի 6-ը համբույրի օրն է. կարելի է ներս գալ` նույն ցուցարարներին համբուրելով, ի տարբերություն այսօրվա փախուստի:
Հայտնի չէ՝ կամուֆլյաժը տանի՞ց են հագած եկել, թե՞ կառավարության հանդերձարանում փոխվել են: Ուրեմն եւ հայտնի չէ՝ այդպե՞ս են այսօր աշխատելու, թե՞ ռազմավարական մտքերը թողեցին հանդերձարանում՝ կառավարության նիստից հետո: Արձանագրենք, սակայն, որ առանց այն էլ սուղ միջոցները վարի են տրվել՝ կառավարության նիստին մասնակցածներին հագուստ կարելու համար: Կարելի էր պարզապես չփչացնել հագուստը:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, մոտենում է Կանանց միջազգային օրը: Տեսնես` հագուստի ձեւավորողները ի՞նչ գեղեցիկ յուբկա-բլուզկա-տրիկոներ են պատրաստել կառավարության անդամների համար: