Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 6-ին Ժնեւում` Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ. հայտնում են ԱԺ լրատվական կենտրոնից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, կարեւորեցին միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, քննարկեցին տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Նորբերթ Լամմերթին սեպտեմբերի 22-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միության տարած հաղթանակի կապակցությամբ: Նա բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է ընդլայնել հարաբերությունները Գերմանիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը շարունակելու է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, եւ մենք վճռական ենք եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը:
Անդրադառնալով վերջին զարգացումներին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը առաջնորդվում է շահերի համադրման սկզբունքով եւ շարունակում է խորացնել ու ընդլայնել հարաբերությունները թե' եվրոպական գործընկերների, թե' ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ:
Նրա խոսքով` Եվրոպական Միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր երկիրը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես եկել հօգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չի անտեսել երկրի ռազմավարական շահերը, հատկապես` փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում:
Կարեւորելով Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը, որը Հայաստանի երիտասարդ սերնդի համար Գերմանիայի քաղաքական և տնտեսական համակարգին ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովը նույնպես պատրաստակամ է 2014 թվականից երկու ուսանող ընդունել՝ հնարավորություն ընձեռելով գերմանացի ուսանողներին ծանոթանալու Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգին:
Գերմանիայի Բունդեսթագի նախագահը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար եւ ներկայացրեց խորհրդարանական ընտրություններից հետո Գերմանիայում ներքաղաքական իրավիճակը, Բունդեսթագում քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Նորբերթ Լամմերթը կարեւորեց Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական գործակցության խորացումը, համագործակցության ամրապնդումը մի շարք ոլորտներում: Բունդեսթագի նախագահը շեշտեց, որ Գերմանիան շահագրգիռ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով` նշելով, որ վերջին զարգացումները չեն նվազեցրել հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ, եւ Գերմանիան հարգանքով է վերաբերվում Հայաստանի`Մաքսային միությանը միանալու որոշմանը: Նա նույնպես կարեւորեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացումը եւ նշեց, որ որքան կայուն ընթանան ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, այնքան ավելի դինամիկ կզարգանան Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
Հանդիպման վերջում Բունդեսթագի նախագահը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Գերմանիա: