Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես» թերթը գրում է. «Համաճարակային հիմքով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ հեռախոսազանգերով մարդկանց տեղայնացնելու օրենքի նախագիծն Ազգային ժողովը 2-րդ փորձից հետո միայն կարողացավ ընդունել: Իշխանությունների համար հույժ կարեւոր այս նախագիծը, որին ընդդիմադիրները գաղտնալսումն օրինականացնող բնութագրումը տվեցին, խորհրդարանի հավանությանն արժանացավ բացառապես մեծամասնության միջոցով:
«Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները թեեւ չմասնակցեցին քվեարկությանը, բոյկոտեցին, ու օրինագիծը չընդունվեց, բայց մեծամասնությունը, ըստ երեւույթին` պարետ Տիգրան Ավինյանի հրահանգով, երկրորդ անգամ օրակարգ բերեց այն:
Իշխանական «Իմ քայլին», չգիտես ինչու, խստագույնս վրդովեցրել էր ընդդիմության միասնական գործելաոճն ու նախագծի տապալումը: Նույն օրվա ընթացքում մինչ երկրորդ անգամ արտահերթ նիստ կհրավիրվեր, «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվ քննարկումների մեջ էին միմյանց հետ: Նրանք խումբ-խումբ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի աշխատասենյակ էին գնում ու գալիս: «Ինչո՞ւ եք այսքան խառը, անտրամադիր»,- հարցրինք «Իմ քայլի» պատգամավորներից մեկին: «Դե ինչպես խառը չլինենք, երբ 88-հոգանոց ֆրակցիան մի նախագիծ չի կարողանում անցկացնել: Որոշ մարդիկ հավես չէին արել նիստին ներկա լինելու, ինչպե՞ս չջղայնանաս»,- պատասխանեց նա:
«Իրատեսի» տեղեկություններով՝ իմքայլականների վերաբերմունքն օրենքի նկատմամբ միանշանակ չէ: Պատգամավորներ կան, որ ակնհայտորեն դեմ են արտահայտվել հենց ամբիոնի մոտից ու խուսափել են մասնակցել քվեարկությանը: Պետական-իրավական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կոստանյանը, օրինակ, օրինագծին ձեռնպահ է քվեարկել:
Մեր տեղեկություններով՝ այս առնչությամբ անձամբ Տիգրան Ավինյանն է զրույց ունեցել «Իմ քայլի» իր գործընկերների հետ, ու տեսնելով, որ առաջին իսկ անգամից այն անցկացնել հնարավոր չեղավ, որոշել է ներկա լինել երկրորդ արտահերթ նիստին, որ գոնե իր ներկայությունից սաստվեն պատգամավորները:
Մինչ երկրորդ անգամ արտահերթ գումարելը, երբ պատգամավորները մոտ 40 րոպե սպասում էին, որ քվորումի համար անհրաժեշտ 67 պատգամավոր գրանցվի, Ավինյանը հենց նիստերի դահլիճում թեժ խոսակցություն է ունեցել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Երկար-բարակ, վրդովված խոսել են, հետո փոխվարչապետը, ձեռքն օդում թափ տալով, հեռացել է: Պարետը, ըստ երեւույթին, դժգոհել է, որ նախագիծն անցկացնելու համար ինքն է անձամբ խորհրդարան եկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։