Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև:
Արցախի Հանրապետությունում սպասվող 2019թ. ՏԻՄ և 2020թ. համապետական ընտրությունների խորապատկերին որոշ խմբերի և անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը:
1991թ. անկախ հանրապետության հռչակումից ի վեր մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը եղել և շարունակում է մնալ Արցախի՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի, ճանաչումն ու դերի բարձրացումը: Այս համատեքստում գրանցած հաջողությունները իրականություն են դարձել հայակենտրոն մտածողության և Արցախ-Հայաստան-Սփյուռք միաբանված ջանքերի շնորհիվ:
Պետական շինարարության գործընթացում մեր նշանակալի ձեռքբերումներից է երկու հայկական հանրապետությունների ինտեգրման բարձր աստիճանը, որն ամուր հիմք է՝ դիմագրավելու առկա մարտահրավերները և առաջ մղելու համահայկական շահերը: Պետականաշինության այս փուլում արհեստական գործընթացներ նախաձեռնելը և ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը անպատասխանատու և անհարկի շահարկումներ են:
Որպես Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժեր՝
պնդում ենք, որ Արցախի ներկայիս կարգավիճակը և ժողովրդավարական ուղով զարգանալու մեր ժողովրդի ընտրությունը լավագույնս արտահայտում է հեռանկարում միասնական հայկական պետություն ունենալու վճռականությունը,
կոչ ենք անում քաղաքական հավակնություններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականության ավանդույթները և արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից:
1. «Ազատ Հայրենիք» կուսակցություն
2. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
3. ՀՅԴ Արցախի ԿԿ
ք. Ստեփանակերտ
21.03.2019