կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-01 16:12
Քաղաքական

Լրագրողները փորձում են լուծել հանելուկը

Լրագրողները փորձում են լուծել հանելուկը

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները` ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», այսօր հայտարարեցին, որ դեմ են ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը, սակայն փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Կոստանյանը ստացավ ընդամենը երեք «դեմ» ձայն:

 

Լրագրողները փորձել են լուծել քաղաքական այս հանելուկը եւ հասկանալ` ովքեր են այդ երեքը: Արդյունքներն անակնկալ էին նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համար: Նա վստահեցրեց, որ դեմ քվեարկած անձանցից մեկն ինքն է: Մանուկյանը կարծում է, որ դեմ են քվեարկել նաեւ Լյուդմիլա Սարգսյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը: Վերջիններս լրագրողների հետ զրույցում վստահեցրեցին, որ «դեմ» են քվեարկել:

 

Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ հրապարակայնորեն «դեմ» է քվեարկել, Ջհանգիրյանն էլ նշեց, որ, խմբակցության կարգապահ պատգամավոր լինելով, ենթարկվել է խմբակցության որոշմանը եւ «դեմ» քվեարկել: Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկը, ըստ Արամ Մանուկյանի, համարվել է անվավեր: Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ քվեարկել է` «հավատարիմ մնալով իր սկզբունքներին»: Իսկ թե ինչ է դա նշանակում` չի մանրամասնել: Նիկոլ Փաշինյանի մասին Մանուկյանը  ոչինչ ասել չցանկացավ: Նշենք, սակայն, որ Փաշինյանն իր ելույթում հստակ հայտարարեց, որ «դեմ» է քվեարկելու:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւս վստահեցրեց, որ ինքը «դեմ» է քվեարկել:

 

Թեւան Պողոսյանը հայտարարեց, որ չի մասնակցել քվեարկությանը:

 

«Ես դեմ եմ քվեարկել: Քվեարկել եմ ու շվարած եմ: Ում տեսնում եմ, ասում են` «դեմ» ենք քվեարկել, երկու ֆրակցիայից ութ պատգամավոր հայտարարում է, որ «դեմ» է քվեարկել, բայց կա ընդամենը երեք «դեմ»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը: