կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 18:36
Իրավական

Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը` հայ զինծառայողին դատելով

Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը` հայ զինծառայողին դատելով

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանում ավարտվել է 2014թ. դեկտեմբերին ադրբեջանական կողմում հայտնված` ԼՂՀ ՊԲ զինծառայողի վերաբերյալ հետաքննությունն, ու գործն ուղարկվել է Գյանջայի՝ ծանր հանցագործությունները քննող դատարան: Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի` միաժամանակ 5 հոդվածների հատկանիշներով: Մասնավորապես` նա մեղադրվում է հանցավոր խմբավորման անդամ լինելու, խմբի կազմում դիտավորյալ 2 կամ ավելի անձանց սպանության փորձի, ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության, Ադրբեջանի տնտեսական ապահովության դեմ ուղղված պայթյունի կամ հրդեհի իրականացման մեջ:

 

Ադրբեջանական կողմը պնդում է, թե Բաղդասարյանը դիվերսանտ է և իբր գերեվարվել է հայկական կողմի հետախուզական-դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ: Սակայն, ԼՂՀ ՊԲ-ի պնդմամբ, Բաղդասարյանն ինքնակամ է լքել զորամասը, և այդ կապակցությամբ քրեական գործ կա հարուցված: Ավելին` ըստ ՊԲ-ի` Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար, հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

 

Ակնհայտ է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է պատասխանել Ստեփանակերտում ադրբեջանցի դիվերսանտների դատապարտմանը: Ադրբեջանական ենթադրելի սցենարի համաձայն` ամենայն հավանականությամբ, Բաղդասարյանին դատարանում պաշտպան կտրամադրվի, ադրբեջանական լրատվամիջոցներն էլ ակտիվորեն կլուսաբանեն դատական գործընթացը` ցույց տալով, թե իբր ամեն բան կատարվում է օրենքի շրջանակներում:

 

Սակայն հետաքրքիր է` ինչպե՞ս է ադրբեջանական կողմն ապացուցելու Արսենի մասնակցությամբ կատարված «դիվերսիան և սպանությունների փորձերը», եթե մինչ այժմ այդ կապակցությամբ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել: Նկատենք, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շախբազ Գուլիեւին հայտնաբերելուց և ձերբակալելուց անմիջապես հետո ԼՂՀ ՊԲ-ն հրապարակեց նրանց հագուստները, զենք-զինամթերքն ու հետախուզական մյուս պարագաները: Հրապարակվեց նաեւ նրանց՝ ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ տեսանյութ: Այս ամենը հետո` Ստեփանակերտի դատարանում ներկայացվեցին որպես իրեղեն ապացույցներ և գործում առկա այլ փաստական հանգամանքների հետ հիմք հանդիսացան նրանց դատապարտելու համար: Չի բացառվում, որ ադրբեջանական կողմը դատարանում Բաղդասարյանի վերաբերյալ կեղծ ապացույցներ ներկայացնի և նրան շուտափույթ դատապարտի ազատազրկման:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Արսենը դատապարտվելուց հետո կարժանանա Ադրբեջանում անհասկանալի հանգամանքներում մահացած մյուս ռազմագերիների ճակատագրին: «Սա կեղտոտ հաշվեհարդար է, ադրբեջանցիների սովորական գործելաոճն է»,- ասաց նա:

 

Սակայն չի բացառվում, որ այս անգամ էլ դեպքերն այնպիսի տարօրինակ զարգացում կստանան, ինչպե,ս օրինակ, վերջերս ադրբեջանական կողմում հայտնված` 24-ամյա պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի պարագայում: Հայկական կողմը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմը Անդրանիկին դիվերսանտ կներկայացնի, աակայն տեղի ունեցավ հակառակը: Ադրբեջանական կողմը ցույց տվեց, թե ինչպես է դիմավորում սպիտակ դրոշով իրենց կողմն անցած զինծառայողին, հրապարակեց նրա հարցազրույցը, որում Անդրանիկը պատմում է զորամասում «ծեծվելու» մասին, հրապարակեց նրա` ժպիտը դեմքին լուսանկարը: Այսօր տեղեկություն ստացվեց, որ ծնողներին ուղարկած իր նամակում Անդրանիկը հայտնել է, թե շուտով կգա, կաշխատի, և ամեն ինչ նորմալ կլինի:

 

Ինչևէ, հաշվի առնելով ադրբեջանցիների` հայ զինծառայողի նկատմամբ ցուցաբերած արհեստական սրտացավությունը, չի բացառվում, որ նույն սցենարով Ադրբեջանը վերաբերմունքը փոխի նաև Արսեն Բաղդասարյանի նկատմամբ, և նրա վերաբերյալ դատարանն անկանխատեսելի որոշում կայացնի:

 

Այսօր շատ հավանական է այն վարկածը, որ, հայ զինծառայողին Ադրբեջանում դատելով, հակառակորդը հող է նախապատրաստում իր քաղաքացիներից գոնե մեկին՝ Դիլհամ Ասկերովին կամ Շախբազ Գուլիեւին Ադրբեջան վերադարձնելու համար (օրինակ` նրանց փոխանակելու միջոցով):

 

Ինչեւէ, անկախ այն հանգամանքից, թե ինչպես են մեր զինծառայողները հայտնվել ադրբեջանական կողմում, Հայաստանը պարտավոր է միջազգային մարդասիրական կառույցների խողովակներով ջանքեր գործադրել նրանց անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Հայաստան վերադարձնելու համար, եթե, իհարկե, նրանք դա ցանկանում են: