Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Վարդաշենի հանրակացարան:
Քաղաքապետարանի մամլո ծառայություը հայտնում է, որ բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը նշել է, որ տեղյակ է առկա խնդիրներին, և Երևանի զարգացման ծրագերի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում հետզհետե լուծում է տրվելու նաև այստեղ ապրող բնակիչների կողմից բարձրացվող հարցերին. «Երևանի առջև այսօր 20-25 տարիների խնդիրներ կան ծառացած: Ու տրամաբանական է, որ դրանք ընդամենը մեկ տարում հնարավոր չէ լուծել», - նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ, մասնավորապես հանրակացարանների հետ կապված, քաղաքապետարանն այսօր նախ և առաջ փորձում է լուծել դրանց սեփականաշնորհման խնդիրը: Այս համատեքստում Վարդաշենի 68ա հասցեի հանրակացարանային շենքի բնակարաններն արդեն իսկ սեփականության իրավունքով տրված են բնակիչներին, իսկ 66ա շենքի հետ կապված՝ քաղաքապետը բնակիչներին տեղեկացրել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում պետական սեփականություն հանդիսացող շենքը համայնքին փոխանցելու ուղղությամբ, որից հետո այն ևս սեփականության իրավունքով կփոխանցվի բնակիչներին:
Բնակիչների կողմից հանրակացարանների հարակից տարածքի բարեկարգման և խաղահրապարակի կառուցման հարցին ի պատասխան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ այն անպայման կիրականացվի. «Այս տարի, անշուշտ, հնարավոր չի լինի դա իրականացնել, բայց վստահեցնում եմ, որ 2014 թվականի բակերի համալիր բարեկարգման ծրագրում այս տարածքը ևս կներառվի, ու հաջորդ տարի միասին կբացենք մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակն ու խաղահրապարակը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: