կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-11 18:49
Առանց Կատեգորիա

Վանի ինքնապաշտպանությանը մասնակցած հայ երեխաները

Վանի ինքնապաշտպանությանը մասնակցած հայ երեխաները

Այս լուսանկարը հրապարակվել է «National Geographic» ամսագրի 1919 թվականի երկրորդ համարում զետեղված Մեյնարդ Օուեն Ուիլյամսի հոդվածին կից՝ գրում է arevelk.am-ը:

Լուսանկարի փոքրիկ հերոսները, որոնցից ամենամեծը տասներկու տարեկան էր, առանց Արտեմիդի պահակախմբի թույլտվության, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, հասել էին Վան: Լուսանկարը, վստահաբար արվել է 1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանությունից կարճ ժամանակ անց, սակայն ավելի ուշ տպագրվել է ամերիկյան հանդեսում:

«Նրանք փայտե հրացաններով եկել էին Վանի նահանգապետ Համբարձումյանցի մոտ՝ իսկական զենքեր ստանալու, քանի որ պատրաստ էին կռվելու մինչև վերջ՝ պաշտպանելով իրենց հարազատներին, որոնց մի մասին արդեն կորցրել էին», – գրում է հոդվածագիրը:

Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում կազմակերպվեցին ինքնապաշտպանական մարտեր: Վանում 1915 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ը տեղի ունեցած կատաղի գոյամարտն ավարտվեց հաղթանակով: Իր կազմակերպվածությամբ աչքի ընկած Վանի հերոսամարտը ամենաերկարատևն էր և բախտորոշը:

Վանեցիները կռվում էին ողջ ուժով. կին ու աղջիկ, ծեր ու մանուկ մասնակից էին դարձել այդ արյունալի մարտերին՝ քաջ գիտակցելով սեփական օջախի և արժանապատվության պաշտպանության կարևորությունը:

«Զինվորական ծառայության մեջ գտնվող հայերը, որոնք ռազմական մինիստրի վկայությամբ քաջաբար մարտնչում էին ոչ միայն Դարդանելում, այլև Կովկասյան ճակատում՝ Ռուսաստանի դեմ, մեծ մասամբ զինաթափվել են և օգտագործվել բանակի կարիքների համար՝ որպես բեռնակիրներ կամ ճանապարհների վերականգնման աշխատողներ: Համարյա բոլոր գավառներից լուրեր են ստացվել, որ ոչ միայն հարկադիր աշխատանքի մեջ գտնվող հայերն են տարվել խուլ տեղեր և սպանվել իրենց ընկեր-մուսուլմանների ձեռքով, այլև ամբողջ խմբեր՝ 80, 100 և ավելի մարդուց բաղկացած, գնդակահարվում էին զինվորների ու զինվորական ժանդարմերիայի ձեռքով՝ իրենց սպաների հրամանի համաձայն: Հավանաբար երբեք, համենայն դեպս մինչև պատերազմի ավարտը, չի պարզվի, թե ինչ չափեր էր ընդունել բանակ զորակոչված հայերի սպանությունը»:

Յոհաննես Լեփսիուս, գերմանացի միսիոներ

Լուսանկարի աղբյուրը` «National Geographic», օգոստոս, 1919 թ.:

arevelk.am