Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող հայկական ավանդական տարազային համալիրները, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, զենքեր, գոտիներ, արխիվային լուսանկարներ «Դրվագներ ինքնության․ տարազ» խորագրով ցուցահանդեսում ներկայացվում են հանրությանը։ 140 ցուցանմուշ՝ մեկ հարկի ներքո։ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը բացվեց Կառավարության թիվ 2 մասնաշենքում։
Տարազային համալիրները Հայաստանի պատմության թանգարանի շուրջ 400 հազար տարբեր տեսակի հավաքածուների մի մասն են։ Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց ՝ հանրային հետաքրքրության արդյունքում է որոշվել կազմակերպել տարազների ցուցադրությունը։ «Մինչ թանգարանի հիմնական շենքը վերանորոգման փուլում է՝ մենք, աշխատելով առցանց, հասկացանք, որ հանրությանը առավելապես հետաքրքրում են հայկական ավանդական զգեստները, տարազը, արխիվային այն լուսանկարները, որոնք կապ ունեն մեր ավանդական ինքնության հետ։ Ըստ այդմ՝ մեր ընտրությունը կանգ առավ տարազների ցուցադրության վրա»,- ասաց նա։
Թանգարանի տնօրենը նշեց, որ ժամանակավոր ցուցահանդեսի ընթացքում հանրությանն են ներկայացնելու 140-ից ավելի տարազի համադրված համալիրներ, առանձին տարրեր, որոնց առաջին անգամ կցվել են բնօրինակ արխիվային լուսանկարներ: Ցուցադրված են նաեւ այնպիսի ցուցանմուշներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում։ Ըստ Պողոսյանի՝ ցուցահանդեսին յուրահատկություն են հաղորդում հատկապես տղամարդկանց եւ երեխաների տարազները, հագուստներն առանձնանում են նաեւ ըստ սոցիալական խավերի եւ ըստ տարածաշրջանների՝ Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան, որի խորհրդանիշը Շուշին է՝ իր ավանդական տարազային համալիրով։
«Առանձին ցուցափեղկերով ներկայացված են նաեւ զարդեր, զենքեր եւ գոտիներ, գլխի հարդարանք եւ այլ ավանդական տարրեր։ Այս ամենը համադրված է լուսանկարներով, որոնցից շատերն առաջին անգամ են ցուցադրվում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է ավանդական տարազը վերածվում ինքնության խորհրդանիշի։ Տարազով լուսանկարվելը ինքնության մի հետաքրքիր եղանակ է, որը մինչեւ այսօր պահպանվել է»,- ասաց Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկա ամսում ցուցադրությունը բաց է լինելու: Ի դեպ, ցուցադրված տարազները ժամանակ առ ժամանակ փոփոխվելու են, նախատեսվում են նաեւ կրթական ծրագրեր, շաբաթական դասախոսություններ, քննարկումներ, ինտերակտիվ միջոցառումներ։ .
Հ․Գ․ Հայաստանի պատմության թանգարանն այժմ բարեկարգման փուլում է, այդ պատճառով ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Կառավարության թիվ 2 մասնաշենքում։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան