կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-30 12:57
Քաղաքական

Գոհ լինել-չլինելը ո՞րն ա, նախագահն ա որոշում. Ռուբեն Հովսեփյան

Գոհ լինել-չլինելը ո՞րն ա, նախագահն ա որոշում. Ռուբեն Հովսեփյան

Մշտական պաշտոն գոյություն չունի, կարող են փոփոխություններ լինել. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց արդեն նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը:

 

Արժանի՞ իրավահաջորդ կլինի Աղվան Հովսեփյանին Գեւորգ Կոստանյանը: Այդ հարցին նախկին դատախազի եղբայրը չկարողացավ պատասխանել` նշելով, որ Կոստանյանի հետ այդքան մտերիմ չէ: Նաեւ շտապեց ասել, որ «եթե նախագահը որոշել է, իհարկե, արժանի ա»:

 

Գլխավոր դատախազի թեկնածուի մասին Աղվան Հովսեփյանի կարծիքին Ռուբեն Հովսեփյանը ծանոթ չէ. նա նշեց, որ նման հարցեր իրենք չեն քննարկում:

 

Անդրադառնալով եղբոր հուզիչ հրաժեշտին եւ դրանից հետո հնչած քննադատություններին` Ռուբեն Հովսեփյանն ասաց. «Մարդը 40 տարի աշխատել է… Քննադատում են այն մարդիկ, ովքեր պետականության իմաստը չեն հասկանում»:

 

Իսկ գո՞հ է, թե՞ ոչ նոր աշխատանքից Աղվան Հովսեփյանը, եղբայրը չասաց, միայն նշեց. «Գոհ լինել-չլինելը ո՞րն ա, նախագահն ա որոշում, նախագահն ա ասում»:

 

Ի դեպ, մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ էր վստահեցնում, որ Աղվան Հովսեփյանը վերանշանակվելու է, որ նախագահը եւ ժողովուրդը գոհ են նրա աշխատանքից, Ռուբեն Հովսեփյանը, իր նախկին խոսքերը սրբագրելով, պատասխանեց, թե նման վստահություն չի հայտնել, հետո հավելեց. «Ես վստահ չեմ ասել, վերջին հաշվով դա նախագահի որոշելիքն էր: Ես նման բան չեմ ասել, որ ժողովուրդը գոհ է, բայց եթե ասած էլ լինեմ… Գոհ ա ժողովուրդը, ի՞նչ ա եղել որ»: