կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-12 16:17
Քաղաքական

ԱԺ-ում չլինելը դժբախտություն չէ. ՀՀԿ-ական

ԱԺ-ում չլինելը դժբախտություն չէ. ՀՀԿ-ական

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ ինքը միշտ ասել է` եթե լինի ԱԺ-ում շատ չի ուրախանա, եթե չլինի շատ չի տխրի:

«Ես պատգամավորական մանդատ ստացել եմ ընդամենը 50 տարեկանում, 50 տարի ապրել եմ Հայաստանում, զբաղվել եմ քաղաքական գործունեությամբ, սկզբից` ԱԺՄ կուսակցությունում, հետո` Հանրապետական կուսակցությունում և ամենևին իմ քաղաքական գործունեությունը չեմ կապել` ես կլինե՞մ ԱԺ-ում, թե՞ ոչ: Իհարկե, ԱԺ ամբիոնից ավելի վստահ ես հանդես գալիս` քո տեսակետները հայտնելու առումով, բայց դժբախտություն չէ չլինելը ԱԺ-ում»,- ասաց նա` բոլոր նորընտրիր պատգամավորներին` թե' ընդդիմադիր, թե' իշխանական, ցանկանալով բեղմնավոր և առանց պոպուլիզմի աշխատանք:  

Մկրտչյանը նշեց, որ գործադիրում կամ այլ ոլորտում նոր աշխատանքի առաջարկ չի ստացել:

Խոսելով 5-րդ գումարման ԱԺ-ի արդյունավետության մասին` նա նշեց, որ կարող է գնահատել այն երեք տարիները, երբ ինքն է աշխատել ԱԺ-ում: «Ոչ միայն իմ, այլև ամբողջ խորհրդարանի գործունեությունը շատ արդյունավետ եմ գնահատում: Իհարկե, եղել են նաև ոչ արդյունավետ պահեր: Կարող եմ նշել շատ պատգամավորների, անուններ չտամ, բայց նրանք ամբիոնը օգտագործել են ժամավաճառության համար, ուղղակի իրենց թվացել է, որ իրենք այդպես բարձրացնում են իրենց վարկանիշը: Կարծում եմ, որ նոր խորհրդարանում այդպիսիք ավելի քիչ կլինեն»,- ասաց Մկրտչյանը, ապա հավելեց. «Հիմա չթվարկեմ բոլոր այն կարևոր օրենքները որոնք ընդուվել են: Կարող եմ ասել այն օրենքների մասին, որոնք սահմանապահ համայնքներում արտոնություններին են վերաբերում: Ընդունեցինք հարկային օրենսգիրք, որը փոխում է ամբողջ հարկային համակարգը: Ամենակարևորը մենք նախաձեռնել ենք սահմանադրական փոփոխություններ և այլևս նոր քաղաքական մշակույթում ենք գործելու»:

Դիտարկմանը` արտագաղթը չի կանգնել, սոցիալական վիճակը չի բարելավվել, և սրանո՞վ են չափում գործունեությունը, նա արձագանքեց. «Իհարկե, մեր երկիրը շատ խնդիրներ չի լուծել, և մտածել, որ ԱԺ մի գումարումը կլուծի այդ խնդիրները, դա այդպես չէ, բայց կան արված լուրջ օրենսդրական աշխատանքներ, որոնք այդ նախադրյալները ստեղծել են»:

Մկրտչյանը իր` խորհրդարանում կատարած աշխատանքը գնահատեց միջինից մի քիչ բարձր: «Իմ աշխատանքը գնահատում եմ միջին, միջինից մի քիչ էլ բարձր: Մենք մի հսկա թիմ ենք /նկատի ունի ՀՀԿ-ին խմբ./, որտեղ արդեն սկսվել է սերնդափոխության գործընթացը, և այո, ավելի երիտասարդ մարդիկ պետք է լինեն ԱԺ-ում և, ընդհանրապես, պետական կառավարման տարբեր օղակներում»,- նշեց նա:

Իսկ թե որտե՞ղ նրան կտեսնենք առաջիկայում, Մկրտչյանը նշեց, որ կշարունակի զբաղվել գիտությամբ: