կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 14:13
Առանց Կատեգորիա

Ադրբեջանն օդային պատերազմ է հրահրում

Ադրբեջանն օդային պատերազմ է հրահրում

Երկու օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանից քաղաքացիական թռիչքների իրականացմանը, հայտարարեց, թե Ադրբեջանը չի պատրաստվում ոչնչացնել դեպի այդ օդանավակայան և այնտեղից թռչող քաղաքացիական օդանավերը: «Չիկագոյի կոնվենցիայի համաձայն` գոյություն ունեն որոշակի կանոններ, որոնք ճանաչվել են Ադրբեջանի կողմից: Այդ կանոնները նախատեսում են անօրինական թռիչքների կանխարգելում և դրանց պարտադրում հարկադիր վայրէջքի որևէ օդանավակայանում: Այդ պատճառով նրանք, ովքեր նախապես պնդում են, թե Ադրբեջանը հարվածելու է քաղաքացիական ինքնաթիռները, ուղղակի սպեկուլյացիայի են դիմում»,- ասել էր Ազիմովը:

 

Մինչդեռ դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, պատասխանելով մինչ այդ Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այն հայտարարությանը, թե «անհաջող կատակ» կամ «մտքի անհաջող ձևակերպում» է համարում քաղաքացիական օդանավերին հարվածելու սպառնալիքները, բառացիորեն ասել էր հետևյալը. «Ադրբեջանը չի կատակում... Գուցե Բորդյուժայի նման պաշտոնյաները ցանկանում են, որ ինքնաթիռը ոչնչացվի, և իրավիճակը սրվի...»:

 

Սաբիրօղլուի սպառնալիքների ֆոնին փոխնախարարի մակարդակով արված վերջին հայտարարությունները վկայում են, որ, Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման և օդանավերի թռիչքների «թույլատրման» հետ կապված, Ադրբեջանը էականորեն փոխում է շեշտադրումները: Փաստորեն, Բաքուն հրաժարվում է այս հարցում ռազմական հռետորաբանությունից: Չիկագոյի կոնվենցիային հղում կատարելը վկայում է, որ ադրբեջանական իշխանությունները դիվանագիտակական և քարոզչական մակարդակներում ձգտում են հարցը քաղաքականից տեղափոխել առավելապես իրավական հարթություն: Դրան էր ուղղված նաև ավելի վաղ Ադրբեջանի կառավարության ընդունած որոշումը երկրի օդային տարածքն օգտագործելու կանոնների մասին, ըստ որոնց` օդային տարածքից օգտվելու կարգի խախտումներ են համարվում առանց հարցման, առանց օպերատիվ մարմնի թույլտվության թռիչքների իրականացումը, ինչպես նաև հետապնդող կործանիչի հրահանգներին չհետեւելը:

 

Թե ինչով է սա բացատրվում, դժվար է ասել: Փաստ է սակայն, որ դիրքորոշման մեջ նման կտրուկ փոփոխությունը տեղի ունեցավ Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արած վերոնշյալ հայտարարությունից հետո: Բաքվում հավանաբար դրանք ընկալել են որպես Ռուսաստանի կողմից Ստեփանակերտի օդանավակայանից արվող թռիչքների անվտանգության երաշխավորումն ու ապահովումը ստանձնելու մասին ուղղակի ակնարկ: Չի կարելի բացառել նաև, որ Փարիզում ՄԽ համանախագահների մասնակցությամբ կայացող վերջին պարբերական բանակցություններում, որոնք, դատելով դրանց վերաբերյալ արվող հնգակողմ հայտարարությունների բովանդակությունից, հիմնականում ուղղված էին Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների հնարավորությանը, Բաքվի նկատմամբ հսկայական ճնշումներ են գործադրվել: Եվ այս կերպ Ադրբեջանը փորձում է դուրս պրծնել սեղմվող օղակից:

 

Պատահական չէր, թերևս, փարիզյան վերջին հանդիպումից հետո Արազ Ազիմովի արած այն հայտարարությունը, թե Բաքուն, ԼՂ կարգավորման գործընթացի հետ կապված, նոր առաջարկություններ է ներկայացրել, որոնք, սակայն հայկական կողմից մերժվել են: Թեեւ ՀՀ ԱԳՆ-ն հերքեց դա, սակայն էականը Ազիմովի հայտարարությունների տակ թաքնված` իրավիճակը բեկելու ակնհայտ ցանկությունն էր:

 

Անկախ դրանից` պարզ է արդեն, որ քաղաքացիական օդանավերին չհարվածելու մասին` Ադրբեջանի նոր մարտավարությունը բոլորովին նոր իրավիճակ է ստեղծում այս հարցի հետ կապված դիվանագիտական գործընթացներում: Մի կողմից, այսպիսով, Բաքուն ցույց է տալիս, որ հարցի շրջանակում ընդառաջում է միջազգային հանրության`զիջման գնալու ակնկալիքին, բայց մյուս կողմից` ստացվում է, որ սկզբունքորեն չի փոխում իր նախնական ` քաղաքացիական թռիչքներն արգելելու դիրքորոշումը:

 

Այսպիսով` Բաքուն հայկական կողմին զրկում է դիվանագիտական-քարոզչական հիմնական գործիքից` քաղաքացիական օդանավերը կործանելու ադրբեջանական սպառնալիքները դիվանագիտական ու քարոզչական հարթակներում օգտագործելու հնարավորությունից: Երևանն այլևս չի կարող պնդել, որ Ադրբեջանն այս հարցում ապակառուցողական է: Ըստ էության` Բաքուն այս կերպ գնդակը փոխանցում է Հայաստանի տարածք, և ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե վերջինս ինչպես այն կխաղարկի:

 

Սա ենթադրում է երկու հնարավոր տարբերակ` կա'մ օդանավակայանից ցանկացած թռիչք իրականացնելիս, ԼՂՀ օդային տարածք մուտք գործելիս հայկական կողմը խնդրում է ադրբեջանական համապատասխան ծառայությունների թույլտվությունը, ինչը նշանակում է ընդունել առնվազն ԼՂՀ օդային տարածքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, կա'մ Բաքուն, ԼՂՀ օդային տարածքներն իրենը համարելով, այնտեղ իրականացվող յուրաքանչյուր թռիչքի դեպքում կործանիչներ է օդ բարձրացնում` հրահանգելով ու ստիպելով ինքնաթիռներին վայրեջք կատարել ադրբեջանական որևէ օդանավակայանում: Հայկական կողմին, այսպիսով, պարտադրվում է կա'մ համակերպվել այդ մտքի հետ և թույլ տալ ադրբեջանական կործանիչներին հանգիստ կատարել իրենց առաջադրանքը, ինչն ուղղակի խայտառակություն կլինի, կա'մ այն ևս իր հերթին օդ է բարձրացնում իր կործանիչները, և ստեղծվում է ուղղակի պայթյունավտանգ, անկանխատեսելի իրավիճակ:

 

Իրադրության նրբությունն այն է, որ այդ դեպքում միջազգային հանրության ընկալումներում իրավիճակի սրման պատասխանատուն դառնում է հայկական կողմը: Պարզ է, որ սա ուղղակի պրովոկացիոն տակտիկա է: Միակ տարբերակը, որը կարող է զուտ տեսականորեն կանխարգելել նման իրավիճակի հասունացումը, այն է, որ ԼՂՀ օդային տարածք մուտք գործող և այնտեղ թռիչքներ իրականացնող յուրաքանչյուր քաղաքացիական օդանավի ուղեկցեն հայկական կործանիչները: Այդ դեպքում արդեն ինչ-որ գործողության դիմելու կամ չդիմելու խնդրի առջև կարող է կանգնել ադրբեջանական կողմը: Սակայն սա չափազանց թանկ «հաճույք է», եթե, իհարկե, այդ թռիչքները չեն սահմանափակվելու ընդամենը Երևան-Ստեփանակերտ երթուղիով: Ստեղծված այս իրավիճակը ստիպում է Երևանին ճշգրտումներ կատարել խնդրո առարկայի հետ կապված քաղաքականության մեջ, ինչը հեշտ չի լինելու: Որքանով կկարողանա Հայաստանը բավարար ճկունություն հանդես բերել, այնքանով պարզ կլինի` օդանավակայանն, ի վերջո, կշահագործվի՞, թե՞ ոչ:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ