կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-08 16:33
Առանց Կատեգորիա

«Քառյակին» հրահրում են ինքնասպանության

«Քառյակին» հրահրում են ինքնասպանության

Վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի սպասված, բայցեւ անակնկալ հրաժարականը փաստացի օրակարգից հանեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և նույն պահանջով ապրիլի 28-ից եռօրյա հանրահավաք անցկացնելու` ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունները: Եթե տեղի ունեցածին մոտենանք զուտ արդյունքի տեսանկյունից, ապա, ուզենք, թե չուզենք, պետք է ընդունենք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ընդունելու` Սերժ Սարգսյանի որոշումը նաև այս չորս ուժերի ձեռքբերումն էր: Ամբողջությամբ կատարվեց այն, ինչ նրանք պահանջում էին տառացիորեն:

 

Գուցե այս պահին վարչապետի հրաժարականն ընդունելը ավելի բազմաքայլ կոմբինացիայի մի շտրիխն է, սակայն փաստ է, որ դրանով կանխվեցին ապրիլի վերջին հենց այս քառյակի նախաձեռնություններով պայմանավորված հնարավոր, գուցե նաև անկանխատեսելի հետևանքներով հղի հասարակական-քաղաքական զարգացումները: Այդ հեռանկարը ո'չ Սերժ Սարգսյանը և ո'չ էլ իշխանությունը, ընդհանուր առմամբ, հաշվի չառնել չէին կարող:

 

Այլ խնդիր է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջը փաստացի կատարելով այս փուլում` նախագահն իսկապես խառնեց քառյակի խաղաքարտերը հետագա գործողությունների պլանավորման, ընդհանրապես ռազմավարական որոշումներ կայացնելու տեսանկյունից` օգտագործելով խնդիրը, ի դեմս Տիգրան Սարգսյանի, անձնավորելու փորձված հնարքը: Սա ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, որը քաղաքական ուժերից պահանջում է բոլոր ծրագրերի հիմնովին վերանայում:

 

Մյուս կողմից` փաստացի առաջին անգամ էր, որ միմյանցից շահերով, գաղափարախոսությամբ, հետապնդած քաղաքական նպատակներով էականորեն տարբերվող և շատ ավելի միմյանց հետ մրցակցությամբ աչքի ընկած ուժերը, հստակ ձևակերպելով վարչապետի փոփոխության պահանջը, իշխանությանը կոնկրետ քաղաքական օրակարգ են թելադրում: Ընդ որում` այդ համաձայնությունը ձեռք բերվեց հենց կառավարության հրաժարականի հետևանքների հետ կապված բացարձակ տարբեր, նույնիսկ ինչ-որ իմաստով հակադրվող դիրքորոշումների ու պատկերացումների պարագայում: Քաղաքական համակարգի կայացման շանսերի, շատ ավելի հիմնարար արժեքների ձեռքբերման իմաստով այսպիսի ձևաչափով կոնսոլիդացումը շատ ավելի մեծ ձեռքբերում պետք է համարել, քան, առանձին վերցրած, կառավարության հրաժարականի հարցը: Որովհետև պարզվեց, որ նմանատիպ որոշումներ կայացնելու համար բացարձակապես պարտադիր չէ ֆորմալ կազմակերպություններ, դաշինքներ կամ միություններ ստեղծելը, և որ դավանած սկզբունքներով, արժեքներով, քաղաքական կողմնորոշումներով, աշխարհայացքով իրարից տարբերվող ուժերը, բացարձակապես չկորցնելով ինքնուրույնությունը, կարող են ազատ ֆորումային ձևաչափ ստեղծել և որոշումներ կայացնել:

 

Որ այս ֆորմատը կենսունակ է, ապացուցում է թեկուզ այն հանգամանքը, որ, անգամ կորցնելով կոնսոլիդացման հիմնական, կենտրոնաձիգ, մոտիվացիոն գործոնը` կառավարության հրաժարականի պահանջը, քառյակը շարունակում է քննարկումները այլ հիմնահարցերի, օրակարգային այլ խնդիրների շուրջ միասնական դիրքորոշմամբ ու գործողություններով հանդես գալու նպատակով: Զորօրինակ` հենց այսօր չորս քաղաքական ուժերը ներկա պահին քննարկում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ հակասական որոշման ընդունումից հետո ստեղծված իրավիճակի շուրջ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, ինչպես նաև համատեղ որոշել են «Դեմ եմ» շարժման հետագա ծավալման մեխանիզմները:

 

Նման ձևաչափը շատ ավելի էֆեկտիվ է նաև այն իմաստով, որ դրանում ներգրավված ուժերը պատասխանատվություն են կրում միայն իրենց քայլերի ու որոշումների համար, այլ ոչ թե նաև համագործակցող մյուս ուժերի, ինչպես պահանջում է, օրինակ, քաղաքական միավորման, դաշինքի ձևաչափը: Եվ այս իմաստով բացարձակ անհեթեթություն է, ի դեմս այս չորս ուժերի, պատկերացնել ինչ-որ ֆորմալ քաղաքական միավորում, հետո էլ տարբեր հարցրերում նրանց համաձայնությունների չգալը նկարագրել որպես այդ «կոալիցիայի» ներսում առաջացած ճաքեր, փլուզման նախանշաններ:

 

Փլուզվում կամ ճաքեր է տալիս այն, ինչ կառուցված է, ինչ ունի կոնկրետ ձև և դրան համապատասխանող բովանդակություն: Այս դեպքում կա բովանդակություն, բայց չկա ձևը: Հետևաբար, չի կարող փլուզվել այն, ինչը պրակտիկորեն գոյություն չունի: Մինչդեռ նման մեկնաբանությունները պատահական չեն արվում և ունեն երկու կոնկրետ նպատակ: Առաջին` դրդել այս ուժերին գնալ նման ֆորմալ համագործակցության ձևաչափի ստեղծման: Նկատի է առնվում այն տեսլականը, թե երեք ընդդիմադիր քաղաքական ուժերը ստիպված են լինելու այդ դեպքում, կամա, թե ակամա, համախմբվել ԲՀԿ-ի դրոշի ներքո, ճանաչել վերջինիս հեգեմոնիան և այդպիսով դուրս գալ ընդդիմադիր բևեռից, վերածվել «այլընտրանքի» արբանյակների` դրանով պարպելով իրենց, իբրև ընդդիմություն լինելու, ռեսուրսը: Երկրորդ` հայաստանյան քաղաքական մշակույթում ձևավորված փորձը ցույց է տալիս, որ քաղաքական միավորումները շատ ավելի խոցելի են իշխանությունների համար: Բավական է ընդամենը ականներ տեղադրել դրանցում, և կարելի է նման միությունները պարզապես հօդս ցնդեցնել, որի փլատակների տակ են մնում այդ միություններում ներգրավված բոլոր ուժերն` առանց բացառության: Մինչդեռ այս դեպքում նման վտանգ չկա, ինչը «քառյակ» կոչվածը իշխանության համար դարձնում է անհամեմատ ավելի անկանխատեսելի: Այնպես որ` նման ձևաչափը ներկա պահին օբյեկտիվ անհրաժեշտություն է:

 

Նույնիսկ եթե «քառյակի» ձևաչափում ընդգրկված ուժերից ոմանց գալիք կառավարությունում պորտֆելներ ստանալու առաջարկ արվի, այն պետք է պահպանել` թեկուզ եռյակի, երկյակի տեսքով: Դա անհրաժեշտ է ոչ միայն առհասարակ քաղաքական կյանքի բաբախող զարկերակ ունենալու համար, այլ նաև` նոր քաղաքական մշակույթ ստեղծելու:

 

Գևորգ Աղաբաբյան