Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Ահրենսին և ԱՄՆ զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ-ի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նախատեսվող ծրագրերը: Ողջունելով հյուրերին և ընդգծելով համատեղ ծրագրերի արդյունավետությունը՝ նախարարը նշել է, որ ՀՀ ԿԳՆ-ն միջազգային կազմակերպություններին դիտարկում է որպես կարևոր գործընկեր և ակնկալում, որ համատեղ ծրագրերն ավելի կընդլայնվեն՝ դառնալով թիրախային:
Կողմերն անդրադարձել են կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` կրթական կարիքների գնահատման և գիշերօթիկ խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու գործընթացին առնչվող խնդիրներին: Ծրագիրը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական ծառայությունների հետ, նախատեսվում է փորձարկել Լոռու և Տավուշի մարզերում: Այս համատեքստում կրթությունից դուրս մնացած երեխաների աջակցության համար կարևորվել է սոցիալական գործոնն ու ներառական կրթության կազմակերպումը:
Նշվել է, որ ՀՀ ԿԳՆ-ի և UNICEF-ի կողմից մշակվում է երեխաների կրթական կարիքների գնահատման նոր համակարգ՝ հիմնված ֆունկցիաների միջազգային դասակարգման ժամանակակից մեթոդաբանության վրա: Նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը, որը նախատեսում է, ներառական կրթության կազմակերպման ավելի լայն հնարավորություն: Ներկայացնելով նախատեսվող ծրագրերը՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը կարևորել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ դպրոցական շենքերի սեյսմակայունության գնահատման ծրագիրը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համագործակցության ու համատեղ ծրագրերին առնչվող մի շարք աշխատանքային հարցերի: