Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենայն հավանականությամբ, այս հինգշաբթի` ՀՀԿ ԳՄ նիստից հետո, կհրապարակվի նոր գլխավոր դատախազի անունը:
Մինչ այս այդ պաշտոնի բազմաթիվ թեկնածուների անուններ շրջանառվեցին` ամենատրամաբանականից մինչեւ ամենաանհեթեթ: Իր գործողությունների գաղտնապահությամբ եւ ամեն ինչ թիմակիցներին վերջին պահին հայտնելու գործելաոճով հայտնի Սերժ Սարգսյանը դատախազի նշանակման հարցում մինչեւ այս պահն էլ շարունակում է ինտրիգի մեջ պահել թե' հանրությանը եւ թե' իշխանության ներկայացուցիչներին, անգամ` ամենամտերիմներին:
Մի բան Սերժ Սարգսյանը օրերս, սակայն, հստակեցրել է. ակնարկել է, որ ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին այդ պաշտոնում չի նշանակի: Պատճառն այն չէ, որ սոցցանցերում աղմուկ կբարձրանա, եւ ոմանք հերթական անգամ կզարմանան նախագահի քայլերից, այլ այն, որ առանց այն էլ մի կերպ պահվող, «Օրինաց երկիր» կոչվող կուսակցությունը Բաղդասարյանից հետո կվերանա: Մինչեւ նոր քաղաքական զարգացումները ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ կոալիցիա-կոալիցիա դեռ պետք է խաղա դրսի եւ ներսի համար:
Ի դեպ, Yerkir.am-ի թղթակիցը օրերս երբ Արթուր Բաղդասարյանի հետ փորձել է խոսել այդ թեմայով, նա անտրամադիր հայտարարել է, որ նման բան չկա:
Սերժ Սարգսյանի գործողությունները եւ քայլերը քիչ, թե շատ կշռադատել եւ ծանր ու թեթեւ անել կարողացողները ասում են, որ, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն անակնկալ է մատուցելու եւ նշանակելու է մի այնպիսի մարդու, որի մասին մինչ այժմ որեւէ մեկը չի գրել եւ խոսել: Ոմանք էլ պնդում են, որ նախագահը կանգ է առել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի թեկնածության վրա:
Ի դեպ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ուժային նոր կառույց է ստեղծելու, իսկ ավելի ճիշտ` առանձնացնելու: Ուշագրավ է, որ այն իր ունեցած առավելություններով եւ իրավունքներով գրեթե կիսով չափ կրճատելու է գլխավոր դատախազության դերն ու նշանակությունը: