Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 21-ին այցելել էի Արմավիրի մարզ` Մրգաշատ եւ Նալբանդյան գյուղերը: Փորձեցի հասկանալ գյուղացիների տրամադրությունները 22-ամյա անկախ Հայաստանիս նկատմամբ:
Ինչպես Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում, այստեղ եւս անկախության շունչ չկար: Բայց նկատեցի սառնություն, որը հարիր չէ գյուղին. գյուղում միշտ ավելի ջերմ են ընդունում հյուրին, ավելի սրտաբաց: Այս անգամ այլ էր. գնալով վատանում է մարդկանց սոցիալական դրությունը, հոգսերը շատանում եւ դրան զուգընթաց իջնում է մարդկանց տրամադրությունը:
Բավականին հետաքրքիր զրույցներ ունեցա, կներկայացնեմ մեկը: Տներից մեկի դիմաց` ճամփեզրի նստարանին, պապիկ էր նստած' ուսը հենած պարսպին: Մոտեցա: Սերգո բիձան էր:
- Բարեւ, հայրի'կ ջան:
- Աստծու բարին: Տղա' ջան, թազա մարդ ես, ի՞նչ կա մեր քոռ ու փուչ գեղը:
- Ասի` տեսնեմ` էս տոնական օրը ո՞նց եք նշում:
- Անկախութո՞ւնը:
- Հա:
- Խաղող ենք քաղում: Ո՞նց նշենք, ոնց երեկ նշեցինք, հենց էդպես էլ` էսօր:
- Բա տոնական օր է, ոչ աշխատանքային:
- Մեր մոտ միշտ էլ ճկռում ենք: Որ տոնական օրին նայենք, սոված կմեռնենք: Էն վախտերն էր տոնական, որ աշխատում էին մարդիկ պետական հիմնարկներում, հասկանում էիր` էսօր գործի չես, մնում ես, որ օրացույցի կարմիրը նշես:
- Ոչ մի բանով չի՞ տարբերվում տոնական օրը մյուս օրերից:
- Թոռներս դպրոց չեն գնում, էդքան բան:
- Հայրի'կ ջան, անկախությունը քեզ համար ի՞նչ խորհուրդ, արժեք ունի:
- Բալե'ս, շատ վատ բան ա, հա. հիմա մեր գյուղը լրիվ անկախ ա` էս երկրից, էս պետությունից, էս նախագից: Գյուղում մի հատ վնաս ա լինում, մարդ չկա, օգնող չկա, ղեկավար չկա: Անկախ ենք, մենք մեր գլխի ճարը տենում ենք:
- Բա ձեզ լիքը օգնություն տվին:
- Ո՞վ տվեց:
- Միլիոնավոր դրամներ հավաքեց Ալեքսան Պետրոսյանը, գյուղատնտեսության նախարարը' Սերգո Կարապետյանը, հիմնադրամ բացեցին:
- Նախ` նախարարի անունը վափշե ստեղ չտաս, ամոթ ա, որ իմ անունից ունի, թառլան անունս «մխտռել» են: Իսկ էդ Ալեքսա՞նն ով ա:
- Դեպուտատ ա, ՄԱՊ-ի Ալիկը:
- Դը տենց ասա, Ալեքսա~ն... Ինքը ինչ անում ա, հո մեր համար չի՞ անում, իր համար ա անում: Էս տարի կարկուտն ու հեղեղը ամեն ինչ քշին-տարան, ինքը օգուտ քիչ ունեցավ, մեզնից էլ չկարեցավ էժան մթերի, թանկ պահածոներ ծախի:
- Հայրի'կ, բայց հիմա մենք անկախ պետություն ենք, ՄԱԿ-ում մեր անկախ երկրի եռագույնն է, մեզ հետ հաշվի են նստում:
- Մեզի հետ զադ էլ չեն անում: Ո՞ւմ ա էդ օգուտ, ումի՞ց ես անկախ: Լուսդ մերը չէ, գազդ մերը չէ, ջուրդ մերը չէ: Որ իրեքն իրար հետ հելնեն մեկ ու իրենց ապրանքը փակեն, կմեռնենք: Սաղ' ինչ կա-չկա տվել ենք խալխին, ի՞նչ անկախ: Աղքատ ապրում ենք:
- Հեսա Մաքսային միություն ենք մտնում ու ամեն ինչ լավ կլինի:
- Ո՞վ ա ասում` լավ կլինի:
- Դե` հանրապետականները:
- Էն Գալո՞ւստը:
- Հա, ինքն էլ է ասում:
- Ուրեմն, որ ինքը մի բան ասում ա, լավ կլինի՞: Ասա էթանք-մեռնենք: Ասֆա~ծ, էս ի՞նչ երգիր դարձավ: Որ էս երգիրը նորմալ լիներ, էդ կարգի մարդիկ կդառնային դեպուտատ-նախարա՞ր, մեր նմանները' չոբա՞ն: Ինքը ինձնից ինչո՞վ էր առավել: Չեմ ասում` ես դեպուտատի բան եմ, ինքն ա չոբանի բան:
- Դե հիմա քեզ էլ տես, իրեն էլ: Հիմա դու կո՞ղմ ես Մաքսային միությանը:
- Եթե հանրապետականը կողմ ա, ես դեմ եմ:
- Կարող է` քո շահերից է բխում:
- Իմ շահերից է, որ Աստված իմ կյանքն առնի... Էդ Մաքսայինը ի՞նչ ա:
- Դե, Եվրասիական միություն, համատեղ մաքսային տարածք, Ռուսաստանի հետ ենք գնում, Ղազախստանի:
- Ինչի հիմա ո՞ւմ հետ ենք:
- Ոչ մեկի:
- Չէ, հիմա էլ ենք ռսի հետ: Տղերքս էն ամենաթունդ, դաժան վախտերը չեն գնացել, մնացել են ստեղ, չեմ թողել գնան, աշխատել ենք, ապրել ենք: Ամենաբարեբեր հողն ա, թողենք ո՞ւր երթանք: Բայց էս կարկտից հետո, որ օգնություն չեղավ, գնացին: Երկու տղա ունեմ, երկուսն էլ ստեղ չեն: Ռուսն ա աբրուստի փողը տալիս: Բա էլ ո՞ւմ հետ ենք: Մեկ էլ կգան, ինձ կթաղեն ու էլի կէթան: Հարսներս էլ ուրիշի դռանն են խաղող քաղում, մենք խաղող չունեցանք, կարկուտը տարավ:
- Է, հայրի'կ, ինչո՞ւ ես տենց ասում, ամեն ինչ ժամանակին իր տեղը կընկնի, հետ կգան:
- Ո՞վ դզի, ախար, դզողները, որ վզերն են դզել-հաստացրել, ո՞նց դզեն: Էդ դրանք սաղին թալանին, մեզ հասցրին սեւ օրի:
- Բա ձեր գյուղում 70 տոկոսից ավելի ձայն են տարել, իրենց եք ընտրել:
- Ո՞վ ա ընտրել:
- Գյուղացիները:
- Փողով ընտրել են, փողն էլ հեղեղի նման եկավ, քշեց-տարավ: Գիտե՞ս վախտին ինչ գյուղ էր. Լեւոնն իր հերթին թալնեց, էն հաջորդը... Դու ասա... Քոչարյանը` իր հերթին, Սերժն էլ' սաղից բեթար: Կերան երկիրը: Հեղեղը` մի յանից, կարկուտը` մի յանից, Սերժը` մի յանից...
- Հայրի'կ ջան, Երեւանում լավ միջոցառումներ են, չե՞ք գալիս, մասնակցեք: Ե՞րբ եք վերջին անգամ Երեւանում եղել:
- Գամ Երեւան` ի՞նչ անեմ: Ես արդեն մենակ մի տեղ ունեմ գնալու...
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Սերգո պապին չթողեց իրեն նկարեմ. «Ամոթ ա, բալա' ջան, շորերս հին են, էդ քաղաքի ժողովուրդը կնայեն` կխնդան»: