կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-19 15:34
Քաղաքական

Շավարշ Քոչարյանին սխալ ենք հասկացել

Շավարշ Քոչարյանին սխալ ենք հասկացել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ խնդիրների քննարկման համար աշխատանքային խմբերի ձեւավորմանը:

 

Կառավարության նիստից հետո արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ յուրաքանչյուր խումբ պետք է իր ոլորտում առկա բոլոր խնդիրները վեր հանի` կապված Մաքսային միություն մտնելու հետ: Թե ե՞րբ կավարտվեն բանակցությունները, դեռ հայտնի չէ. «Դրա համար պետք է առաջին քայլը լիներ` խմբի ձեւավորումը, հետո կլինեն հաջորդ քայլերը' կապված ժամկետների հետ: Միանալը ենթադրում է ամբողջ օրենսդրական դաշտի ուսումնասիրում, մաքսային օրենսդրության ամբողջ ուսումնասիրում: Դա հսկայական աշխատանք է եւ մեկ օրում չի արվելու»:

 

Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե հիմա ե՞ւս կարծում է, որ Հայաստանի ինքնիշխանությանը վնասում է Մաքսային միությանն անդամակցությունը: Շավարշ Քոչարյանը լրագրողներին մեղադրեց խոսքը կոնտեքստից հանելու մեջ. «Ես երբեք չեմ ասել, թե ինչ-որ մի բան ինչ-որ մի բանի վնասում է: Խնդրում եմ` ճիշտ ցիտեք իմ ասածը: Այո, ես ասել եմ` սուվերենություն` կապված այն լիազորությունների հետ, որը Մաքսային միության ցանկացած անդամ փոխանցում է վերազգային մարմնին: Այդ տեսակետից նույն ձեւի սուվերենության որոշակի փոխանցում կա Ռուսաստանի կողմից, Բելառուսի կողմից, Ղազախստանի կողմից: Եվրամիության ցանկացած անդամ պետություն, որը մասնակցում է Եվրամիության մաքսային տարածքին, բնական է, որ ինչ-որ լիազորությունների աստիճան փոխանցում է վերազգային մարմնին: Դրան է իմ խոսքը վերաբերում»:

 

Մաքսային միությունը, ըստ Շավարշ Քոչարյանի, ստեղծված է, որպեսզի անդամ պետությունների տնտեսությունները ավելի արդյունավետորեն զարգանան:

 

Հարցին, թե արդյո՞ք ինքը նպատակահարմար համարում է հարցը հանրաքվեի դնելը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Հանրաքվեի դնելու հնարավորություն ունի ե'ւ ՀՀ նախագահը, ե'ւ ԱԺ համապատասխան մեծամասնությունը: Սահմանադրությունը թույլ է տալիս, եւ նրանք, ովքեր այդ իրավասությունն ունեն, կարող են որոշել»: «Անձամբ Դուք համաձա՞յն եք» հարցին էլ պատասխանեց. «Անձամբ ես չեմ որոշում. կա սահմանադրություն, կա կարգ»: