Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ավարտվեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության 15-րդ նիստը, որից հետո նիստը համանախագահողներ` ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն ու Բրիտանիան ներկայացնող Սաջադ Քարիմը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Մինչ այդ Սաջադ Քարիմը Հայաստանի կողմից հողերի զիջման մասին էր ակնարկել:
Yerkir.am-ը Սաջադ Քարիմից հետաքրքրվեց, թե վերջին անգամ ե՞րբ է եղել Ադրբեջանում, այնտեղից ի՞նչ տպավորություն է ստացել և արդյո՞ք Ադրբեջանին ու Թուրքիային հողերի զիջման հարց ուղղել է, ինչպես այստեղ` Երեւանում, նման բան ակնարկեց:
Մինչ նա կպատասխաներ, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը նշեց, որ հնարավոր է թյուրընկալման կամ տարընթերցման պահ է եղել: «Պարոն Քարիմը հողերի զիջման հարց չի բարձրացրել, խոսքը վերաբերել է այլ բանի, նա փոխանցել է թուրքական կառավարության տեսակետը»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Սաջադ Քարիմը հավելեց. «Հուսով եմ, որ Սամվելը շտկեց թերընկալումները` մեկնաբանությունների հետ կապված»: Այնուհետև անդրադառնալով այն հարցին, թե երբ է վերջին անգամ եղել Ադրբեջանում ու ինչ տպավորություն է ստացել այդ երկրից, նա պատասխանեց. «Ես ստանձնեցի Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության նախագահությունը մի քանի ամիս առաջ: Պատճառներից մեկը, որ իմ թեկնածությունը առաջադրվեց, այն էր, որ ես երբևէ որևէ ուղղակի ներգրավվածություն Հարավային Կովկասի երկրներում չեմ ունեցել: Դա ձեզ կարող է զարմացնել, բայց առաջին անգամ է, որ ես այցելում եմ այս տարածաշրջան, իսկ Հայաստանն առաջին երկիրն է, որ այցելել եմ: Վաղը հեռանում եմ շատ դրական արդյունքներով ու տպավորություններով: Կհեռանամ ձեր երկրի խորքային ու հստակ ընկալմամբ»:
Նա հավելեց, որ շարունակելու է սատարել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, որոնցում Հայաստանն իր ուրույն տեղը կունենա:
Իսկ իր ազգության հետ կապված` Սաջադ Քարիմը նշեց. «Ես, որպես բրիտանացի, սովոր չեմ նման հարցերի պատասխանել: Ես բրիտանացի եմ, ծնվել եմ Լանկաշիրում, անգլիացի եմ, բրիտանացի ու եվրոպացի: Ընտանիքս ծագումով Հարավային Ասիայից է, որի մեծ հատվածներ մաս են եղել բրիտանական կայսրության: Ընտանիքիս անդամները մոտ 150 տարի աշխատել են բրիտանական կայսրության կառավարման մարմիններում»:
Հիշեցնենք, որ մինչ այս Սաջադ Քարիմը ԱԺ-ում նման հարցադրում է արել. «Մենք համաձայն ենք, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների: Պարզապես մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց, որ արձանագրությունները սառեցված են, թեև դա էլ վախճան չէ: Ուզում ենք իմանալ ձեր տեսակետը դրա վերաբերյալ, մենք հասկանում ենք, որ որոշ դիվանագիտական աշխատանք է տեղի ունեցել, ես չեմ վիճարկի բարի կամքի դրսևորումը, բայց չե՞ք կարծում, որ հայկական կողմից օրինակ քայլ արվի և, ասենք, ոչ ԼՂՀ-ն, ինչ-որ ուրիշ տարածքների զիջումը հարցին օգնի»: