կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-30 10:21
Առանց Կատեգորիա

Ճշմարտության պահը

Ճշմարտության պահը

Արդյո՞ք ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի՞, կամ, որ գրեթե նույնն է, կշարունակվե՞ն արդյոք այդ գնով ՀԱԿ-իշխանական կոալիցիա բանակցությունները, թե՞ ոչ: Սրանք հարցեր են, որոնք արդեն, կոնկրետ Տիգրան Առաքելյանի անձին կամ էլ զուտ իշխանության և Կոնգրեսի հարաբերություններին վերաբերվելուց զատ, վերաճում են լուրջ համակարգային հիմնախնդրի: Այս հարցը կարող է դառնալ այն հանգուցային կետը, որտեղ պետք է վերջապես հստակեցվի` ինչպիսի՞ քաղաքական համակարգ և քաղաքական հարաբերությունների մշակույթ ենք ունենալու երկրում, որքանո՞վ է իրատեսական պետական ինստիտուտների և հատկապես անկախ դատաիրավական համակարգի կայացման հեռանկարը, արդյո՞ք իրավական համակարգը քաղաքականացումից ձերբազատելու շանսեր դեռ մնում են, թե՞ այդ կախվածությունը շատ ավելի խորացնելու նախադրյալներ են ստեղծվում:

Բանակցությունները առկախելու պատճառների մասին ՀԱԿ հիմնավորումներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ իշխանական կոալիցիայի տարածած պատասխան հայտարարության բովանդակությունից կարելի է ընդամենը մի ընդհանրացում կատարել. կողմերը միաժամանակ ստում են: ՀԱԿ-ը պնդում է, թե բանակցությունների ժամանակ պայմանավորվել են, որ Տիգրան Առաքելյանը ևս ազատ է արձակվելու: Իսկ կոալիցիան պատասխանում է, թե խոսել է ընդամենը բոլորի նկատմամբ իրավապահների կողմից ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու պատրաստակամության մասին: Սա միայն բանակցությունների ոչ հրապարակային լինելու արդյունք չէ, այլ խոսում է միմյանց նկատմամբ կողմերի տարրական հարգանքի բացակայության մասին:

ՀԱԿ-ից ոչ ոք այդպես էլ չպարզաբանեց, թե Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու կամ թեկուզ խափանման միջոցը փոխելու շուրջ ինչու են բանակցություններ վարում կոալիցիոն պատվիրակության հետ, երբ իրավական որևէ ակտով վերջինս նման լիազորություն չունի և չէր էլ կարող ունենալ: Որևէ մեկը չի պնդում, թե իր ակտիվիստի հարցը այդ բանակցություններում բարձրացնելու իրավունք ՀԱԿ-ը չուներ: Ավելին, դրա բացակայությունը շատ ավելի տարօրինակ և անբացատրելի էր լինելու:

Բայց հարց բարձրացնելը, քննարկելը մեկ բան է, բացառապես իրավական բնույթի գործողությունների շուրջ քաղաքական պայմանավորվածությունների ձեռք բերումը, ավելին` դրանով իր հետագա քայլերը պայմանավորելը` բոլորովին այլ: Ակնհայտ է, որ նման վարքագիծը խիստ պրովոկացիոն էր ի սկզբանե: Որովհետև եթե կոալիցիոն պատվիրակությունը համաձայնում է ՀԱԿ-ի նախապայմանները կատարել` հանուն երկխոսության շարունակման, առաջին հերթին ապացուցում է, որ երկրում բոլոր որոշումները, այդ թվում նաև իրավական, կայացվում են քաղաքական մակարդակում: Եվ երկրորդ` որ Կոնգրեսն այն օգտագործելու էր իշխանության թուլությունը շեշտելու և իր պայքարում հերթական հաղթանակը տոնելու համար: Մինչդեռ այս ակտիվիստին ազատ չարձակելու պարագայում այն դառնալու էր առիթ` երկխոսության մեջ իշխանության ապակառուցողականությունը ցուցադրելու համար, ինչի ականատեսն ենք: Տիգրան Առաքելյանի և մյուս ակտիվիստների ձերբակալությունը, կալանավորումը հենց սկզբից ներկայացվեց որպես ՀԱԿ-ի դեմ քաղաքական հաշվեհարդարի ճանապարհ:

Հարցի իրավական կոնտեքստը շատ հմտորեն շրջանցվում է, որովհետև եթե խնդիրը ներկայացվեր այս ասպեկտով, ՀԱԿ-ը չէր կարողանալու պնդել, որ ակտիվիստների ձերբակալումը քաղաքական շարժառիթներ ունի: Իշխանության առջև իսկապես լուրջ խնդիր է դրված: Նա անպայման պետք է ապացուցի, որ օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ոստիկանությունը չի արել ավելին, քան պահանջում է օրենքը, և ՀԱԿ ակտիվիստներն այդ պահին իսկապես խախտել են հասարակական կարգը և խուլիգանական պահվածք դրսևորել: Այդ օրվա դեպքերի հետ կապված՝ հասարակությունը ոչինչ չգիտի` բացառությամբ կողմերի խիստ իրարամերժ վարկածները: Սակայն հրապարակված նյութերը միանշանակ ապացուցում են, որ սեղանին դրված է ոչ միայն ոստիկանի, այլև առհասարակ պետության հեղինակության հարցը: Որևէ քաղաքական ուժի շանտաժի ենթարկվելը, դրա ազդեցության տակ կոնկրետ արարքի համար քրեական գործով անցնող որևէ անձի ազատ արձակումը ամբողջությամբ հեղինակազրկելու է ողջ իրավապահ համակարգը: Ավելին. հաստատելու է Կոնգրեսի այն մոտեցումը, թե երկրում ոչ թե երկու հեգեմոն քաղաքական ուժեր կան` ի դեմս իրեն և իշխանության, այլ` փաստացի երկու իշխանություն` մեկը` ՀԱԿ-ը, դե ֆակտո, մյուսը, իշխանությունը, դե յուրե: Որովհետև սա դառնալու է մի մեխանիզմ, որի միջոցով ՀԱԿ-ը և նրան հետևած ցանկացած այլ ուժ կարողանալու է լուծել ցանակցած հարց` սկսած քաղաքականից, վերջացրած իրավականով: Արդյունքում ունենում ենք փաստացի անիշխանություն և իրավական պետության հիմքմերի կարտարյալ կործանում:

ՀԱԿ-ը, միանշանակորեն պաշտպանելով իր երիտասարդ ակտիվիստներին և արդարացնելով նրանց սանձարձակ պահվածքը, ոչ միայն չի պայքարում անպատժելիության դեմ, ինչպես փորձում է համոզել, այլև իր կարգավիճակը որպես անպատժելիության հավելյալ խողովակ է օգտագործում: Սկզբունքային որևէ տարբերություն չկա` ինչոր չինովնիկ կամ օլիգա՞րխ է իր պաշտոնական դիրքը, ֆինանսական հնարավորություններն օգտագործում որևէ իրավախախտում կամ հանցագործություն թույլ տված հաստավիզ թիկնապահին կամ լկտիացած զարմիկին պատասխանատվությունից ազատելու համար, թե՞ ընդդիմադիր ուժը` բանակցություններից հրաժարումը որպես քաղաքական պայքարի գործիք օգտագործում:

Իր նման գործելակերպով ՀԱԿ-ը պարզապես խտրական մոտեցում է ցուցաբերում իրավական համակարգի քաղաքականացված լինելու մասին գնահատականներում: Այն դեպքերում, երբ խնդիրը իրավապահների, դատախազության կամ դատարանների գործունեությանը իշխանական միջամտությանն է վերաբերում, դա անմիջապես և արդարացիորեն դառնում է սուր քննադատության առարկա: Մինչդեռ երբ խոսքը վերաբերում է կոալիցիոն պատվիրակության միջոցով յուրայիններին ազատելուն ուղղված սեպարատ ու հանրությունից փաստացի թաքուն պահանջներին, ապա շատ հանգիստ կարելի է հայտարարել, թե դա քաղաքականություն է: Կոնգրեսի կողմից հատվածական, կորպորատիվ շահերի պաշտպանության համատեքստում ստեղծվում է մի իրավիճակ, երբ ցանկացած քաղաքացի կարող է իրեն ամեն ինչ թույլ տալ պետության ներկայացուցչի, նույնն է, թե պետության նկատմամբ` հայհոյել, նվաստացնել` ի սկզբանե ինքնուրույն որոշելով` որքանով են այդ ներկայացուցչի գործողությունները իրավաչափ: Խնդիրն այն չէ, որ պետության այդ ներկայացուցիչները և մասնավորապես հենց ոստիկանները, երբեք իրենց իրավասությունները չեն վերազանցում: Ավելի շատ` հակառակը:

Սակայն որևէ մեկը իրավունք չունի նրանց նման գործողություններին պատասխանելու նոր իրավախախտումներով և իրեն այդպիսով դնել օրենքից դուրս վիճակում: Մինչդեռ այս մոտեցումն է, որ կարծես թե պաշտպանություն է գտնում ՀԱԿ-ի կողմից: Հակառակ դեպքում վերջինիս համակարգող անձը իրեն իրավունք չէր վերապահի հեռուստաեթերից հպարտությամբ հայտարարելու, թե իրենց երիտասարդներն ամեն ինչ ճիշտ են արել, և ուսադիր կրող հանցագործներին դա էլ դեռ քիչ է:

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ