|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ապօրինի ազատությունից զրկելու և բռնաբարության փորձի դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով և 34-138-րդ հոդվածի 1-ին մասով կատարված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակից Հայկ Բ.-ն 2014թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն ամրակցված՝ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչությանը պատկանող ավտոբուսով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքով երթևեկելիս կանգ է առել կանգնելու նշան անող Յուլիա Ա.-ի մոտ և համաձայնել նրան տեղափոխել վերը նշված վարչական շրջանի 3-րդ թաղամաս:
Ճանապարհին տեղեկանալով, որ վերջինս ժամանել է այլ երկրից, չի տիրապետում հայերեն լեզվին և մոլորվել է` տվյալ տարածքում գիշերային ժամին Յուլիա Ա.-ի գտնվելու պատճառները պարզելու, նրա անձի, վարքագծի վերաբերյալ իր երևակայությամբ առաջացած կասկածները ճշտելու նպատակով առանց նրան առևանգելու մտադրության մեքենան վարել է տարբեր ուղղություններով և Յուլիա Ա.-ին ավտոբուսից իջնելու հնարավորություն չի տվել:
Ոստիկանության աշխատակից Հայկ Բ.-ն շուրջ չորս ժամ նրան ապօրինի զրկել է ազատությունից, այդ ընթացքում Յուլիա Ա.-ի կամքին հակառակ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել, ոտքով հարվածել ու ոստիկանին մի կողմ է հրել, և այդ պայմաններում Հայկ Բ.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: