կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-28 11:05
Հասարակություն

Եթե պահի տակ ոստիկանը բռնություն է գործադրել, այնպես չէ, որ պետք է տարիներ անցնի և ինչ-որ վեթինգի ենթարկվեն. Օսիպյան

Եթե պահի տակ ոստիկանը բռնություն է գործադրել, այնպես չէ, որ պետք է տարիներ անցնի և ինչ-որ վեթինգի ենթարկվեն. Օսիպյան

Դատարանների մուտքերի արգելափակումը ՀՀ ոստիկանապետն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում  համարեց շտապ հավաք, իսկ օրեր առաջ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու` վարչապետի կոչին հետևած գործողությունները նա ինքնաբուխ ակցիա էր դիտարկել: 

«Ստեղծված իրադարձության շուրջ անհրաժեշտ էր շտապ հավաք: Ի՞նչ կապ ունի` ում կողմից է հրահանգը: Հավաքների ազատության մասին օրենքում նշված չէ վարչապետը իրավունք ունի՞, թե՞ չունի, շտապ հավաքը մնում է շտապ հավաք: Շտապ հավաքի հիմքն այն է՝ ստեղծված իրադարձության շուրջ որևէ մի հարց հասարակությանը շտապ հասանելի դարձնել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ դա ճնշում է գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ, ինչը հակասում է Սահմանադրությանը, ոստիկանապետն արձագանքեց. «Որտե՞ղ եք ճնշում տեսել»: Օսիպյանն իրեն իրավունք չվերապահեց վարչապետի գործողությունները մեկնաբանել այս համատեքստում: 

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը, ոստիկաններով է շրջում, նրա կյանքին սպառնացող իրական վտագ կա՞,  ՀՀ ոստիկանապետը նշեց՝ վտանգն ինքն է որոշողը, գրությամբ դիմել են ոստիկանությանը, մենք պարտավոր ենք ապահովել անվտանգությունը:

Իսկ թե ոստիկանությունը պատրա՞ստ է վեթինգի, Վալերիյ Օսիպյանը շեշտեց՝ ինչպես որոշվի, իհարկե:

Լրագրողները հիշեցրեցին, որ ոստիկանները տարիներ շարունակ բռնություններ են կիրառել քաղաքացիների նկատմամբ,  տեսանյութեր կան, անգամ մի քաղաքացու ոտքն են փորձել կոտրել, ոստիկանապետն արձագանքեց. «Համակարծիք չեմ, որ ոստիկանությունը բռնություն է գործադրել: Եթե պահի տակ բռնություն է գործադրել, ուրեմն այնպես չէ, որ պետք է ամիսներ, տարիներ անցնեն և ինչ-որ վեթինգի ենթարկվեն: Լինում է դեպք, լինում է ծառայողական քննություն, և չկա մի դեպք, որ ծառայողական քննություն չլինի ու կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինի: Իսկ  քաղաքացու ոտքը կոտրել փորձող ոստիկանի գործն այս պահին ՀՔԾ վարույթում է»: