կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 13:08
Քաղաքական

Կենսական անհրաժեշտությունից պետք է բխեն քայլերը

Կենսական անհրաժեշտությունից պետք է բխեն քայլերը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս դժգոհ է ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի` պատգամավորների հետ դռնփակ հանդիպումից:

 

Lրագրողների հետ զրույցում նա ասաց.  «Մենք, օրինակ, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում բավական շատ պարտավորություններ ենք ստանձնել։ Արդյո՞ք չի տուժելու Արցախը Մաքսային միությանն անդամակցելուց հետո և արդյո՞ք, որպես առանձին միավոր, ներգրավվելու է, թե՞ ոչ: Երրորդ` ակնհայտ է, որ Ասոցացման համաձայնագրի առումով չի ստացվելու ամբողջական իմաստով ասոցացում և այլն»: Պատգամավորն ընդգծեց, որ լիարժեք պատասխաններ, իհարկե, չեն ստացել:

 

Նա արձանագրեց, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը հստակություն է մտցրել իր արտաքին քաղաքականության մեջ. լավ է դա, թե` վատ, այլ հարց է: «Բայց այն, որ այդ վեկտորը նշանակում է շարժում Մաքսային միությունից Եվրասիական միություն` արդեն որպես քաղաքական միավոր, դա միանշանակ է, ու դա չգիտակցելը կբերի նոր սխալների: Ես ինքս էլ հասկանում եմ, որ այն բաղադրիչների առկայության դեպքում, որոնցով մենք կապված ենք Ռուսաստանի հետ, դրա այլընտրանքը չկա։ Եթե չունես այլընտրանք, ամրապնդի այն, ինչ ունես։ Թե ինչու դա չունենք ու չունեցանք, այլ հարց է, բայց մենք այնպիսի վիճակում ենք, երբ կենսական անհրաժեշտությունից պետք է բխեն քո քայլերը»։

 

«Ստացվում է` Մաքսային միությանը միանալը կենսական անհրաժեշտությո՞ւն էր» հարցին, Ռուստամյանը պատասխանեց. «Իհարկե։ Որևէ մեկը չի կարող ասել, որ ռազմական կամ էներգետիկ անվտանգության հարցերով Հայաստանն այսօր, Ռուսաստանից բացի, այլընտրանք ունի։ Սա իրականությունն է, դժբախտաբար։ Բայց ինչո՞ւ ոչինչ չի արվել այլընտրանք ունենալու համար»։