Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ ավագ դպրոցների զարգացման ծրագրերի ներկայացման հանձնարարականի կատարման շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը խորհրդակցության է հրավիրել ավագ դպրոցների մի խումբ տնօրենների: Նախարարի տեղակալը նշել է, որ ԿԳ նախարարի կողմից հստակ խնդիր է դրվել, որ ավագ դպրոցները պետք է ունենան զարգացման հեռանկար, ընդ որում յուրաքանչյուր դպրոցի համար այդ ծրագիրը պետք է լինի առնձնահատուկ.
«Մենք խնդիր ունենք տվյալ փուլում վերլուծելու ավագ դպրոցների առկա ներուժը, որպեսզի կարողանանք հստակեցնել, թե որ ավագ դպրոցն ինչպիսի ուղղությամբ պետք է զարգանա»,- դիմելով տնօրեններին ասել է Մ. Մկրտչյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ավագ դպրոցի զարգացման ծրագիր, արտահայտելով տվյալ դպրոցի առանձնահատկություններն ու ուղղվածությունը, իր մեջ պետք է ներառի նաև համակարգի ապագայի տեսլականը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ հանձնարականի կատարումը բնավ չի ենթադրում, որ նախարարությունը մտադրություն ունի քննադատել այս կամ այն տնօրենին, դրանից բխող վարչական հետևանքներով:
«Մենք գիտենք, որ բոլոր դպրոցներն ունեն իրենց զարգացման ծրագրերը, քանի որ դա յուրաքանչյուր տնօրենի ընտրության համար եղել է օրենքի պահանջ, բայց խոսքը նոր մոտեցմամբ զարգացման ծրագրի մասին է: Ուստի մեր խնդրանքն ու պահանջն է՝ դրսևորել նոր մոտեցում: Մենք նաև խնդիր ենք դնում՝ շեշտադրել ոչ թե շենքային պայմանների ու նյութատեխնիկական բազայի բարելավումը, այլ առաջին հերթին դպրոցի բովանդակային զարգացման խնդիրները:
Դպրոցների շենքային և տեխնիկական պայմանների բարելավումը չենք ուզում անտեսել, սա շատ կարևոր հարց է, բայց նաև պետք է հասկանանք, որ պետությունն այս պահին բոլոր խնդիրները միանգամից լուծելու հնարավորություն չունի: Մենք ունենք այն, ինչ-որ ունենք և ավագ դպրոցի զարգացման ու կայացման խնդիրը պետք է լուծենք այս պայմաններում: Եկեք նյութատեխնիկական բաղադրիչն այս անգամ դիտարկենք երկրորդական և առաջնահերթությունը տանք բացառապես բովանդակությանը»,- նշել է Մ. Մկրտչյանը:
Տնօրեններից մեկի հարցին ի պատասխան, թե արդյոք ներկայացվող ծրագիրը պետք է բխի միայն արդեն հաստատված իրավական դաշտի ու կրթական ծրագրերի պահանջներից, նախարարի տեղակալը նշել է. «Մենք խնդիր ու նպատակ ունենք վերանայելու թե´ կրթական չափորոշիչներն ու ծրագրերը, թե´ ֆինանսավորման մեխանիզմները, հետևաբար ավագ դպրոցի հեռանկարի ծրագրում պետք չէ սահմանափակվել ներկա իրավական դաշտի պահանջներով: Մենք ուզում ենք, որ ոչ թե ավագ դպրոցի զարգացման ծրագիրը բխի իրավական դաշտի պահանջներից, այլ իրավական դաշտի փոփոխությունները բխեն զարգացման ծրագրերից»:
Հանդիպման ընթացքում տնօրենները բարձրացրել են տարբեր հարցեր, որոնք վերաբերել են ավագ դպրոցների կրթական ծրագրերին, հանրակրթության ավագ դպրոցի և ՄԿՈՒ հաստատությունների միջև ձևավորված մրցակցային հարաբերություններին և մի շարք այլ խնդիրների:
Հավելենք, որ ավագ դպրոցների հիմնախնդիրներին ու զարգացման հարցերին վերաբերող քննարկումները շարունակվում են, որոնց մասնակցելու են հանրապետության ավագ դպրոցների բոլոր տնօրենները:
Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի հանձնարականի՝ ավագ դպրոցների տնօրենները հեռանկարային զարգացման ծրագրերը պետք է ներկայացնեն երկշաբաթյա ժամկետում: