Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան պատերազմում մուսուլմանական աշխարհի կողմից Ադրբեջանին ցուցաբերված և կրոնական դրդապատճառներ ունեցող աջակցությունը շարունակվում է այսօր ևս` Ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ իրենց կրոնակից եղբայրների լուծելու համար: Հայաստանի` քրիստոնյա առաջին պետության նկատմամբ կրոնական հակակրանքը իսլամական մի շարք երկրներում իր դրսևորումներն ունի ինչպես իսլամական տարբեր հոսանքների և խմբավորումների, այնպես էլ պետական-դիվանագիտական մակարդակով. բոլորիս քաջ հայտնի է Պակիստանի օրինակը, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, իսկ Սաուդյան Արաբիան առ այսօր դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ:
Ադրբեջանն էլ, իհարկե, ընդդեմ Հայաստանի, իր որոշ մուսուլման եղբայրների աջակցությունը ստանալու պատրաստակամությունից չհրաժարվելով` իսլամը շահարկելու և Արցախյան հիմնախնդրին կրոնական երանգավորումներ տալու առիթը բաց չի թողնում: Իր նկրտումների իրականացման գործում հարևան երկիրը փորձում է ներքաշել նաև Իրանին և այստեղ գոյություն ունեցող հակահայ փոքրաթիվ, բայց վերահսկելի հոսանքները: Հունիսի 25-29-ը Բաքվի կառավարությունից ԻԻՀ ուղարկված, այսպես կոչված` Ղարաբաղի ազատագրման կազմակերպության 15 ակտիվիստներ Թավրիզ և Արդաբիլ քաղաքներում հանդիպումներ են ունեցել մուսուլման հոգևորականների և մի շարք մտավորականների հետ, որոնց ընթացքում քննարկվել է Հայաստանի կողմից, ըստ նրանց, «բռնագրավված տարածքների ազատագրման հարցը»: «Ղարաբաղում իսլամի և մուսալմանների փառքն ու պատիվը պիտի հարգվի... և մտածենք Ղարաբաղի ազատագրման մասին»,- ակտիվիստների հետ հանդիպան ժամանակ ասել է Թավրիզի համալսարանի ռեկտոր, դոկտոր Աժիդեհը, իսկ Թավրիզի գլխավոր հոգևորական Մոջթահեդ Շաբասթարին ասել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելը միշտ էլ եղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը: Նշենք, որ հուլիսին կայացած հանդիպումների այս շարքը նոյեմբերի 6-ին Իրանի Թավրիզ քաղաքում կայանալիք «Ղարաբաղի միջազգային խորհրդաժողով»-ի նախապատրաստական աշխատանքներին էր ուղղված:
Իհարկե, բոլորիս քաջ հայտնի է, որ ԻԻՀ-ից Արցախյան հակամարտության մասին պաշտոնական դիրքորոշում հայտնելու լիազորությամբ օժտված են միայն այդ երկրի ղեկավարն ու արտգործնախարարը, ովքեր բազմիցս շեշտել են, որ իրենք կողմնակից են խնդրի խաղաղ և բանակցային կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Եվ ադրբեջանցիների հետ նմանատիպ համագործակցությունը հազիվ թե բացասաբար ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա, սակայն դրանց ընդլայնումը մեծ վտանգ կարող է ներկայացնել ոչ միայն Հայաստանի, այլև առաջին հերթին հենց Իրանի համար:
Ըստ իրանագետ Արա Պապյանի` Արցախյան պատերազմի ժամանակ բազում աֆղան վարձկաններ Ադրբեջան չէին կարող անցնել օդային ճանապարհով, քանի որ երկու կողմն էլ նման հնարավորություններ չունեին, և ենթադրելի է, որ նրանք ցամաքային ճանապարհով, այսինքն` Իրանով են մտել Ադրբեջան, և սա արդեն ինչ-որ աջակցություն է Ադրբեջանին: «Այսօր, սակայն, Իրանն այնպիսի պետություն է, որ խստագույնս հսկում է իր երկրի ամեն մի հատվածը, և պրոթուրքական ու պրոադրբեջանական ուժերը չեն կարող ակտիվանալ, քանի որ Իրանի իշխանությունները միանգամայն կճնշեն դրանց»,- ասում է նա: Հյուսիսային Իրանի, մասնավորապես` Ատրպատական նահանգի, որն, ի դեպ, Ադրբեջանը անվանում է «Հարավային Ադրբեջան», բնակչության զգալի հատվածը թուրքախոս է, և սա ևս մեկ լրացուցիչ հանգամանք է Իրանի համար պրոադրբեջանական կեցվածք ունեցող ուժերի ընդլայնմանը խոչընդոտելու համար: «Ադրբեջանի և Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները մեծ վտանգ են ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար, քանի որ, ինչպես մեր դեպքում Սյունիքը, այնպես էլ Իրանի դեպքում Հս. Իրանը սեպի պես խրված են այս երկու թուրքական պետությունների միջև, իսկ Իրանի համար կարևոր է պահել Հայաստանի հետ աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեցող այս դիրքը»,- ասում է Արա Պապյանը:
Ադրբեջանը սերտ հարաբերությունների մեջ է նաև Իսրայելի հետ, մինչդեռ ամբողջ իսլամական աշխարհը, հատկապես` Իրանը, թշնամական հարաներությունների մեջ է հրեական պետության հետ: Այդ ջերմ համագործակցությունն ուղղված է նաև Իրանի դեմ, քանի որ Ադրբեջանի միջոցով Իրանի տարածքային ամբողջականությունը կազմալուծելը բխում է և’ Իսրայելի, և’ ԱՄՆ-ի շահերից:
Թեեւ Իրանում պետական մակարդակով մեծ տեղ են հատկացնում կրոնին, այնուամենայնիվ, միշտ չէ, որ երկրի արտաքին քաղաքականությունը հիմնված է իսլամի վրա, և Հայաստանը Իրանի համար տարածաշրջանում միակ սահմանակից քրիստոնյա երկիրն է, ում հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը ազդանշան է ամբողջ աշխարհին, որ, չնայած իսլամական պետություն լինելուն, նա ընդունակ է իրեն բարեկամ համարել քրիստոնյա երկրին:
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ