կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-31 11:02
Առանց Կատեգորիա

Սեպտեմբերի 1-ին երբեք չեմ սպասել. իմ օրը սեպտեմբերի 2-ն է

Սեպտեմբերի 1-ին երբեք չեմ սպասել. իմ օրը սեպտեմբերի 2-ն է

Երբեք չեմ սպասել սեպտեմբերի 1-ին: «Ինչպե՞ս անցկացրի ամառային արձակուրդս»` շարադրություն, որը հանձնարարվում էր ամեն տարի եւ որից երբեք 5 չեմ ստացել: Արձակուրդներս բանի պետք չէին. գյուղում բարեկամներ չունեինք, հազիվ էինք առանց «նիսյայի տետրի» Համաս տոտայի խանութից առեւտուր անում' ուր մնաց' գնայինք հանգստի: Առաջին անգամ, երբ հանձնարարվեց շարադրությունը, գրեցի' ինչ կար, այսինքն` ամառն անցկացրել եմ տանը, պատմվածքներ եմ կարդացել ու երազել դասերը սկսվելու մասին: Նախանձով էի լսում, թե ինչպես են դասընկերներս ընտանիքով գնացել քաղաքից դուրս, իսկ իրենց տատիկները երեկոյան խարույկի շուրջ գիրք են կարդացել նրանց համար: Ինձ տանն անգամ չէին թողնում, որ ես գիրք կարդայի, ուր մնաց' ինձ համար կարդային եւ հետո զարմանում էի' այդ ի՞նչ իդեալական ընտանիքներ ունեն ընկերներս' հայրիկները խորոված են պատրաստում, մայրիկները սեղան գցում, դասընկերներս էլ անհոգ խաղում են: Միգուցե ես որ հայր չունեի, դրա՞ համար մեր ընտանիքը նման չէր մյուսներին... Շարադրությունս չկարդացի, բայց հաջորդ տարի նույն վերնագրով շարադրությանս մեջ հայտնվեցին «Դիլիջան, Հանքավան, Ծաղկաձոր»  տեղանունները, որոնք լսել էի դասընկերներիցս. ի դեպ, 3 տարի շարունակ նույն շարադրությունն էի կարդում:

 

Ասում են` աշակերտները սեպտեմբերի 1-ին նախորդող գիշերը ուրախությունից չեն քնում, իսկ առավոտյան հուզմունքից շուտ են արթնանում... Տանը երեք երեխա էինք. սեպտեմբերի 1-ին նոր զգեստ հազվադեպ էի հագնում. քրոջս կամ մորաքրոջս աղջիկների զգեստները միշտ ինձ էին բաժին հասնում: Ու, թարսի պես, իրենք սիրում էին փոռիկներով, քարերով կիսաշրջազգեստներ եւ վերնաշապիկներ, իսկ ես` առանց ոչ մի բանի: Բախտս միայն մեկ բանում էր բերում` ոտքերս շատ փոքր էին. ոչինչ, որ տարիներ շարունակ նույն կոշիկով էի սեպտեմբերի 1-ը դիմավորում, փոխարենը' իմ ընտրած կոշիկն էր: Սեպտեմբերի 1-ին աղջիկներով հավաքվում ու իրար նոր զգեստներն էին նայում. էդ օրն աշխատում էի մյուսների աչքին չընկնել:

 

Սեպտեմբերի 1-ին միշտ-միշտ ուզել եմ հարցնել' ձեր նոր զգեստները պարտքո՞վ եք գնել:

 

Սեպտեմբերի 1-ին մտնում էի դպրոց ու նորից տեսնում, թե ինչպես է տղան, որին սիրում էի, փորձում մոտ ընկերուհուս ուշադրությունը գրավել:

 

Սեպտեմբերի 1-ից սկսվում էին աղջկական խոսակցությունները, որոնք հասնում էին մինչ փետրվարի 23-ին ով ում է նվեր տալու հարցին:

 

Սեպտեմբերի 1-ին ինձ ոչ ոք չէր ասում` սեպտեմբերի 1-դ շնորհավոր:

 

Սեպտեմբերի 1-ին կաթ ու պեչենի բաժանեցին. տանն ուրախացել էին:

 

Սեպտեմբերի 1-ին նոր վերանորոգված դասարան մտանք. նավթի վառարանն էլ չկար:

 

Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ սեղանիս վրա գրել էին` Կ+Ա =Ս ու... ու վերջ, քանի որ էդպես էլ չիմացանք, թե ով է գրել, դասընկերներս սկսեցին ծաղրել` Կարինեն ինքն է գրել:

 

Սեպտեմբերի 1-ին ավելանում էին առարկաներ, որոնք գրականության հետ բնավ կապ չունեին:

 

Սեպտեմբերի 1-ին գրականության ուսուցչուհին հերթական անգամ հայացքն ինձ ուղղած զգուշացնում էր, թե գրականության գրքի մեջ գրել չի կարելի` որոշ նշումներ, ոչ թե` հատուկ առանձնացված լուսանցքեր ու չկարդացվող ինչ-որ անհեթեթություններ:

 

Սեպտեմբերի 1-ին գալիս էի տուն ու ոչ ոք չէր հարցնում, թե ինչպե՞ս անցավ սեպտեմբերի 1-դ:

 

Սեպտեմբերի 1-ից բոլորը սկսել էին պարապել` բուհ ընդունվելու համար, ինչպես միշտ, ես բացառություն էի:

 

Սեպտեմբերի 1-ից օրեր առաջ որոշվեց` բարձրագույն կրթություն չեմ ստանալու, փող չկա, ինչ-որ արհեստ կսովորեմ, բայց սեպտեմբերի 1-ին առաջին շարքում էի` պատահականորեն ընտրած մասնավոր բուհերից մեկում:

 

Սեպտեմբերի 1-ին նոր դասախոսներս սկսում էին թեթեւակիորեն իրենց ընտանեկան կյանքը պատմել. կարեւոր դեպքերը թողնում էին սեպտեմբերի 1-ից հետո:

 

Սեպտեմբերի 1-ին երբեք ծաղիկ նվեր չեմ ստացել:

 

Սեպտեմբերի 1-ին բոլորը բջջային հեռախոսներ ունեին ու հիանում էին դրանցով. ես էլ ունեի, բայց լսարանում ոչ ոք չգիտեր էդ մասին:

 

Սեպտեմբերի 1-ին /մագիստրատուրայում/ դասախոսներիցս մեկը հաջորդ դասի համար դասը «կոնսպեկտել» տվեց` հատուկ շեշտելով, որ ուշադրություն է դարձնելու ձեռագրին ու սղագրելու կոկիկությանը. էդ առարկայի տետրն այդպես էլ չունեցա. ձեռագիրս անտանելի էր:)

Սեպտեմբերի 1-ին կրկին զարմանում էի` երկիր, որն այսքան ուսանող ունի, ինչպե՞ս կարող է այսքան խնդիրներ ունենալ:

 

Սեպտեմբերի 1-ին երբեք չեմ սպասել. իմ օրը սեպտեմբերի 2-ն է, երբ ոչ ոք ոչ մեկին չի փորձում զարմացնել: 

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ