կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-18 17:48
Մշակույթ

Այսպես որ գնա, Հին Երևանից հազիվ մի բուռ հող կթողնենք մեր սերունդներին

Այսպես որ գնա, Հին Երևանից հազիվ մի բուռ հող կթողնենք մեր սերունդներին

Հունվարի 16 լույս 17-ի գիշերը  հողին հավասարեցվեց Արամի 30 հասցեում գտնվող կարմիր տուֆից շենքը, որը վաղուց արդեն Երևանի դիմագիշը ներկայացնող շենքերից մեկն էր դարձել: Շենքի քանդման աշխատանքները հիմնականում կատարվել են գիշերային ժամերին:

Շենքի ապամոնտաժման որոշումը կայացվել էր դեռ 2011-ին նոյեմբերի 24-ին` Երևանի  քաղաքապետարանի կողմից: Շենքը, ըստ պարզաբանման, ընդգրկված չէ ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների շարքում և ենթակա է փլուզման: Իրականում Արամի և Աբովյան փողոցների հատման հատվածում հյուրանոց է կառուցվում, և հավանաբար փոքրիկ շենքը խանգարում էր կառուցապատողներին:

Շենքի ապամոնտաժման որոշումը կայացնելուց հետո չուշացավ հասարակության արձագանքը` շենքի պահպանման համար մի շարք մարդիկ դուրս եկավ փողոց, և ամեն օր հսկում էին շենքի տարածքը:

«Արամի խաչմերուկ» շարժումն ամեն օր սահմանված ժամին լինում էր Արամի 30 հասցեում` հանրության ուշադրությունը գրավելով շենքի շուրջ: Նախաձեռնությունն անգամ գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել Արամի 30 հասցեն ներառող տարածքում նախատեսվող շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների և ճարտարապետաշինարարական նախագծերի հաստատման հայտերի պատճենները: Ի դեպ, նշված հատվածում տարածքի իրացման վերաբերյալ կա կառավարության որոշում:

Զարմանալի չէ, որ իրենից պատմամշակութային արժեքներ ներկայացնող շենքերի թիվը գնալով նվազում է Հայաստանում, քանի որ կառուցապատողները տեսնում են պատկան մարմինների «դաբռո»-ն` քար լռությունը… Ուշագրավ է այն հանգամանքը, որ հաճախ շենքերի լուծարման որոշում է տրվում` պարզաբանելով, թե շենքը չի մտնում ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների շարքում: Այսինքն` նրանց տրամաբանությամբ` բոլոր այն կառույցները, որոնք ընդգրկված չեն այդ ցանկում, կարող են հանգիստ խղճով քանդել: Նույն սկզբունքը հաշվի առնելով էլ` Երևանի քաղաքապետարանը «Զվարթնոցի» օդանավակայանի կլոր շենքն ապամոնտաժելու որոշում է կայացրել: Տարին նոր է սկսվել, բայց արդեն Երևանը զրկվում է իր հին շենքերից երկուսից: Հարցի հետ կապված` մշակույթի նախարարությունը շարունակում է իր քաղաքականությունը` լռում է` դրանք պատմամշակութային արժեքներ են, բայց ցանկում գրանցված չեն: Մյուս կողմից, երբ Փակ շուկայի դեպքում նախարարությունն, ի վերջո, կարծիք հայտնեց` նրան լսողն ո՞վ էր: Նախարարությունն այնքան է լռել, ով արդեն միևնույն է` կարծիք կհայտնի՞, թե՞ ոչ. նախարարության առաքելությունը դարձել է այս կամ այն մշակութային գործիչների հոբելյաններին նվիրված «հանդեսներ» կազմակերպելը: 

Այսպես որ շարունակվի, վերջում երևի Հին Երևանից մեր սերունդներին հազիվ մի բուռ հող ենք թողնելու նվեր, եթե, իհարկե, այդ մի բուռ հողն արդեն սուպերմարկետի, հյուրանոցի կամ խաղատան վերածված չլինի: 

 

Կարինե Հարությունյան