Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի իշխանությունների ստեղծած անմարդկային պայմանների արդյունքում արցախահայությունը բռնի տեղահանվեց իր հայրենիքից: Ավելի քան 9 ամիս շրջափակում, սով, հոսանքից և գազից զրկված, բնակավայրեր, պարբերաբար արձակվող կրակոցներ դաշտում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող խաղաղ բնակիչների ուղղությամբ: Իսկ արդեն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ զինված հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Ագրեսիվ գործողություններին հետևեցին մարդկանց առևանգումները, ապա՝ կալանավորումները: Հերթով կալանավորվեցին Արցախում մնացած պաշտոնյաները՝ նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյան, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյան, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայան, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան։ Արցախի տարբեր բնակավայրերից կան անհետ կորածներ, որոնց մի մասը նույնպես ադրբեջանցի զինվորների կողմից գերեվարվել է։
168.am-ի հետ զրույցում «Սիսական» ջոկատի կամավորական, նկարիչ Աշոտ Ավագյանն ասաց՝ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պնդում է, որ «ռևանշ» լինելու է։
«Ռևանշի գաղափարը երկարատև պատրաստվելու գաղափար է, ես չգիտեմ, ով է այդ գաղափարին սկսել պատրաստվել, բայց ես 2021 թվականից պատրաստվում եմ, ասեմ, որ շատ հետևորդներ կան։ Հիմա իրենք գիտակցում են, որ այդ ռևանշը մեր նկատմամբ է, այն պարտվողականությունը, որ մեր մեջ կա, պետք է ժամանակի ընթացքում հանվի, ինչը կախված է նաև մեր կրթության մակարդակից։
Մեզանից պահանջվում է անընդհատ աշխատանք յուրաքանչյուր ասպարեզում, ռևանշը 10-20 տարվա խնդիր է կամ ավելի երկար, երբ արժեհամակարգ ասվածը կվերականգնվի, և երբ ամբողջ ազգը կհասկանա՝ եթե ուզում է ապրել, ուրեմն պետք է պայքարի»,- նշեց Աշոտ Ավագյանը։
Նա վստահեցրեց, որ շատ լավ գիտակցում է այն խնդիրը, որի առջև այսօր կանգնած է հայ ազգը, թշնամին ամենաքիչը 100 տարի առաջ արդեն ձևակերպել էր։
«Հետևաբար, ստեղծված իրավիճակում հայ ազգը պետք է ինքն իր համար ձևակերպի՝ ի՞նչ է ուզում, իսկ դրան հասնելու միակ ձևը պայքարելն է։ Վաղը-մյուս օրը, երբ թշնամին կպահանջի Սյունիք, կդրվի Սյունիքի հարցը, շատ հնարավոր է, որ մեր կառավարությունը կարող է Ադրբեջանին տալ նաև իմ անունը, որպեսզի ձերբակալեն, սա շատ հնարավոր տարբերակ է։ Ի տարբերություն մեզ, ադրբեջանական քարոզչամեքենան շատ լավ է աշխատում՝ ուսումնասիրում բոլորին։
Հիմա ես ոչինչ չունեմ կորցնելու, եթե տանելու են, թող տանեն՝ ջհանդամը, թե չեն տանի»,- շեշտեց քանդակագործը։
Աշոտ Ավագյանը նաև ընդգծեց, որ տեսնելով Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաների գերեվարումը, մտածում է, որ առանց պետության աջակցության, նրանց որևէ կերպ չեն կարողանա ազատել թշնամու գերությունից։
«Ինքս այդպես եմ մտածում՝ պայքարը և նրանց աջակցությունը պետք է լինի պետական մակարդակով։ Նախորդ պատերազմները, եթե մենք հաղթել ենք, դա եղել է պետության շնորհիվ, եթե պետությունը մեր թիկունքին կանգնած չլիներ, շատ դժվար կլիներ։ Հիմա, եթե մենք ունենք պետություն, սակայն իշխանության ձեռամբ այդ պետությունը մեր թիկունքին կանգնած չէ, որևէ բանի հասնելը շատ դժվար կլինի։ Վերցնենք քրդերին, պետություն չունեն, պետությունն իրենց թիկունքին չէ, ուստի աշխարհն ինչպես ցանկանա, այնպես էլ կվարվի իրենց հետ։
Իհարկե, պետք է աղմուկ բարձրացնենք, որ այդ տղերքին ազատենք։
Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա մեզ միայն մնում է զինվորների անձնազոհությունը»,- եզրափակեց Աշոտ Ավագյանը։
Աղբյուրը՝ 168.am