կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-01 13:21
Հասարակություն

Քաղաքապետարանի որոշումը բանի տեղ չեն դնում

Քաղաքապետարանի որոշումը բանի տեղ չեն դնում

Այսուհետ թեւկապներով հսկիչները վարորդներից գումար գանձելու իրավունք չունեն. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքն է՝ ասված այս տարվա հուլիսի 1-ին կայացած ասուլիսում:

 

Երեւանի փողոցներում կարմիր գծանշումներով առանձնացվել են վճարովի ավտոկայանատեղիների տարածքները: Այդտեղ մինչեւ 5 րոպե տեւողությամբ կանգառ կատարելը անվճար է, մինչեւ մեկ ժամ կայանելը` 100 դրամ, մեկ օրը` 500, մեկ շաբաթը` 1000, մեկ ամիսը` 2000 դրամ, մեկ տարին՝ 12000 դրամ: Երեկոյան ժամը 24:00-ից մինչեւ առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի: Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաեւ՝ SMS հաղորդագրության միջոցով:

 

Որոշումը վարորդների դժգոհությունն է առաջացրել: Որոշման արդյունավետությանը կանդրադառնանք հաջորդ հրապարակման մեջ, իսկ այժմ փաստենք, որ Երեւանի քաղաքապետարանի համար արդեն սովորական բան է դարձել, որ իր որոշումները չեն կատարվում: Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծի պողոտայում, Վարդանանց փողոցում, Աբովյան փողոցում, Մալաթիա տոնավաճառին հարող փողոցի ողջ երկայնքով եւ բազմաթիվ այլ փողոցներում կանգնած են թեւկապավոր, համազգեստով քաղաքացիներ ու պահանջում են 100-200 դրամ:

 

Երեւանի քաղաքապետարանում հուլիսի 15-ին` հերթական խորհրդակցության ժամանակ, նշվել էր, որ Երեւանում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ձեռնարկվել են ծանուցողական եւ հանրային իրազեկման անհրաժեշտ տարբեր միջոցառումներ: Անհասկանալի է՝ ինչու է մեկ ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանը իր իսկ որոշումն անտեսում: Արդյո՞ք Երեւանի քաղաքապետարանը չի կարողանում զսպել այդ մանր ու մեծ շորթողների ախորժակը: Փաստորեն, Երեւանի քաղաքապետարանը բանի տեղ չի դնում իր իսկ որոշումը կամ դնում է բանի տեղ: